Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/447

Այս էջը հաստատված է

Լինելով խմբակի ամենակարևոր դեմքը, Թումանյանը իր շուրջն էր համախմբել, բացի հիմնադիր անդամներից, Թիֆլիսի գրական, արվեստի, ինչպես և՝ հասարակական գրեթե բոլոր նշանավոր գործիչների։ «Վերնատունը» ընդհատումներով գործել է մինչև 1908 թ.։ Մոտ տաս տարվա գործունեությամբ նա կարևոր դեր է կատարել հայ գրականության բնագավառում, հատկապես մեծ ներդրում ունեցել Հայ գրողների կովկասյան ընկերության (այսուհետև՝ ՀԳԿԸ) ստեղծման գործում (մանրամասնությունները՝ ԱՀ 9, 104—105)։

2 Անհայտ է, թե ինչ հանդեսի և քվեարկության մասին է խոսքը։


3. ՆԻԿՈԼ ԱՂԲԱԼՅԱՆԻՆ

Թիֆլիս—Ալեքսանդրապոլ

(էջ 9)

Հուլի՞ս

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, ց 3, № 11: Անթվակիր է. ժամանակը որոշվում է մոտավորապես, նամակի բովանդակությամբ, Դեմիրճյանի՝ Շվեյցարիա մեկնելու, «Կովկասի բանբեր» անունով թերթ հրատարակելու փաստերով (տե՛ս ծանոթագրություն № 1) և ըստ «...շոգից մեռնում եմ» խոսքերի։

Տպագրվում է առաջին անգամ։

1 Պաշտոնական թույլտվությունը «Կովկասի բանբեր» անունով օրաթերթ հրատարակելու մասին եղել է 1905 թ. մարտին, ըստ որում պաշտոնապես հայտարարված էր, որ դա ենթակա է նախնական գրաքննության (Մշ, 1905, № 46)։ Քիչ անց գրաքննությունը չի ընդունել այդ վերնագիրը, ուստի և 1905 թ. օգոստոսի 28-ից մինչև 1906 թ. ապրիլ Գևորգ Մելիք-Ղարագյոզյանը խմբագրել և հրատարակել է «Արշալույս» անունով գրական-հասարակական-տնտեսագիտական պատկերազարդ օրաթերթ, որին աշխատակցում էին Թումանյանը, Իսահակյանը, Համ. Համբարձումյանը և ուրիշներ։

Նիկոլ Աղբալյանը առաջարկված պաշտոնը չի ընդունել արտասահման մեկնելու մտադրության պատճառով։

2 Մեկնելով Շվեյցարիա, Դեմիրճյանը ընդունվում է Ժնևի համալսարանի բնագիտական, միաժամանակ և մանկավարժական ու գրական բաժինները։ Թիֆլիս վերադարձել է 1910 թ.։

3 Այստեղ հիշատակված Լևոնը՝ Շանթն է։