Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/457

Այս էջը հաստատված է

բողոքներին ու միջամտությանը, ոչ մի կերպ չեն կարողացել նրանց պատասխանատվության ենթարկել, որովհետև հանցագործները հովանավորվում էին բարձր պաշտոնեությունից։

1906 թ. հուլիսի 4-ին Օձուն գյուղում կայանում է Լոռու քառասուն գյուղերի ներկայացուցիչների խորհուրդ՝ փոխարքային ուղարկվելիք հեռագիր նախապատրաստելու համար։ Խորհուրդը հեռագրի միջոցով բողոքում էր Հասանբեկ Եդիգարովին Բորչալուի ազնվականների պարագլուխ ընտրելու դեմ, միաժամանակ պահանջում նրան դատի ենթարկել՝ որպես ազգամիջյան կռիվների հիմնական ղեկավարներից մեկի, թալանի ու սպանությունների կազմակերպչի։ Հեռագիրը ստորագրել են 15 լիազորված անձինք (ԱԼ, 1906, № 60, հուլիսի 19),

Սույն նամակը գրված է Օձունի հիշատակված ժողովից հետո և, ինչպես բովանդակությունից էլ երևում է, անտարակույս է, որ գործելով Լոռիում, Թումանյանը ինքը եղել է այդ ժողովի և՛ նախաձեռնողը, և′ 15 ստորագրողներից մեկը։

1906 թ. Թումանյանի գրած նամակների բովանդակությանը և ազգամիջյան կռիվների՝ օրաթերթերի արձագանքներին հետևելով կարելի է գալ այն եզրակացության, որ Թումանյանը «Արշալույսից» հետո (տե՛ս 3 ծանոթագրությունը) կապ է պահպանել «Հառաջ», «Ալիք», «Զանգ» թերթերի հետ, որոնք իրար ետևից հրատարակվելով ու դադարեցվելով, փաստորեն հանդիսանում էին մեկը մյուսի շարունակությունը, իսկ «Հառաջի» հրատարակության ազդում «մոտիկ աշխատակիցների» ցանկի մեջ կա նաև Թումանյանի ազգանունը (Մճ, 1905, № 10)։

Բանաստեղծը, զբաղված խաղաղության և հանցագործներին պատժելու գործով, անվերջ շրջելով տեղից տեղ և հնարավորություն չունենալով հոդվածներ գրելու, ուղարկում էր նյութեր ու թղթակցություններ տեղի ունեցող իրադարձություններից, որոնց հիման վրա Թիֆլիսում գրվում էին հոդվածներ, առաջնորդողներ և անստորագիր թղթակցություններ։ Այդպես են, օրինակ, «Րոպեի լրջությունը» առաջնորդողը՝ օգոստոսի 11, «Վերջին տեղեկություններ» թղթակցությունը՝ օգոստոսի 10 թվագրություններով (Զ, 1906, № 2)։

Բորչալուի գավառում Ռեզանովի խաղաղասիրական գործունեության և, հատկապես, Եդիգարովների մեքենայությունները սանձելու ջանքերի մասին մամուլը նյութեր էր հրապարակում դեռևս 1906-ի ձմռանը (տե՛ս Արշ, 1906, № 22. թեթին թղթակցում էր շուլավերցի լրագրող Գր. Բալասանյանը)։ Բայց չարագործները կարողանում էին «լեզու գտնել» Թիֆլիսի պաշտոնյաների հետ ու մնալ անպատիժ։ Ինչպես երևում է Թումանյանի հաջորդ նամակից և մամուլի նյութերից, Ռեզանովին իր պաշտոնում վերականգնել չի հաջողվում, և գավառում ծայր են առնում նոր հուզումներ ու խուճապ (ԱԼ, 1906, № 82., 6-ը օգոստոսի, Ջ, 1906, № 2, 12-ը օգոստոսի),