Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/46

Այս էջը հաստատված է

Հուզված ժամանակ երբեմն նրա մոտ եմ գնում հանգստանալու։ Մի շատ հեշտ ու կարճ և շատ էժան միջոց ջղերը հանգստացնելու։

Ափսոս թուղթս վերջանում է, մինչդեռ էլ մարդիկ կան, որոնցից նույնպես տեղեկություն կուզեիր ունենաս: Բայց մի բան էլ կա. Հենց էս առավոտ եմ անկողնից վեր կացել– հիվանդ էի։ Չեմ կարողանում երկար գրել, գլուխս պտտվում է։ Երեկ էի սկսել, ընդհատվեց։ Շարունակությունը հետո, դու էլ շարունակիր։ Կգրեմ ամենքին, առայժմ կարոտով բարևում եմ ամենքիդ։

Համբույրներով՝ քո Օհանես
31. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ
Թիֆլիս—Ժնև
1908, ապրիլի <աոաջին կես>, Թիֆլիս
Սիրելի Ֆիլիպ,

Երևի ասում ես պատճառն ինչ է, որ էս քանի ժամանակ չեմ գրում։

Պատճառն էն է, որ անձամբ գալու էի քեզ մոտ, էսօր էգուց ընկնելով հետաձգվում էր, նամակ էլ չէի գրում, որովհետև ես էի գալու։ Վերջը բանն էնպես եկավ, որ մնացի։

Իհարկե, հեշտ հավատալու բան չի ասածս, թե ես գալու էի Եվրոպա, բայց կհավատաս, երբ որ պարզեմ, որ ոչ թե գալիս էի, այլ ղրկում էին Ներսիսյան դպրոցից մի պատգամավորության հետ, դպրոցական գործով։ Ինչևէ, չեղավ, և ահա նամակս։

Պետք է ասեմ, որ էս նեղ ու խառնված ժամանակը ես էլ կատաղել եմ, ինչպես ամենքը նկատել են։ Շարունակ քեֆ եմ անում։ Եվ իսկապես, հապա ուրիշ ինչ անենք։ Տեսնում ես աշխարհքը մի դատարկ ու հիմար բան է, դու էլ, ղոնաղի պես, մի քանի օրով եկել ես ու վաղը կամ մյուս օրը գնալու ես—շատ կարճ ու պարզ մի բան։ Եվ ահա, ով ինչ կուզի անի։