Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/482

Այս էջը հաստատված է

պատճենը՝ ԹԹ, Փր, № 76։ Փաստաթղթի չորրորդ էջում կան պաշտոնական մակագրություններ «հունվարի 27» թվագրությամբ։ Ինչպես այս, այնպես էլ Մետեխի բանտում գրված հաջորդ փաստաթղթերը, առաջին անգամ հրապարտկել է Լ. Թաշճյանը, ծանոթագրել՝ Լ. Կարապետյանը (ՈԻՀ 3, 335 -355)։

Թարգմանություն

ԹԻՖԼԻՍԻ ԺԱՆԴԱՐՄԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՌՈՏՄԻՍՏՐ

ՆՈՐԻՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆ ՊԱՐՈՆ ՊՐԻԳԱՐԱՑԻՆ

Թիֆլիսի Մետեխի բերդի կալանավոր Հովհաննես

Թամանյանի՝ 1909 թվականի հունվարի 3-ին տրված

ցուցմունքի լրացում[1]։

Ի լրումն սույն թվականի հունվարի 3-ին տված իմ ցուցմունքի, ինձ վերաբերող գործերի լրիվ լուսաբանման համար, պատիվ ունեմ ավելացնել հետևյալը. հասարակական գործերով ես զբաղվել եմ միայն 1905-1906 թթ.։

1905 թվականին, երբ Թիֆլիսում սկսվեցին անկարգություններ, առավել ապահովության համար ես իմ ընտանիքի հետ հեռացա Բորչալուի գավառի հայրենի Դսեղ գյուղ[2] Այդ ընթացքում իմ ոտքը Թիֆլիս քաղաքում չի եղել[3]։ Բորչալուի գավառ ժամանելու առաջին օրվանից, ծանոթանալով տեղի բնակչության տագնապալի վիճակին, ես իմ առջև նպատակ դրեցի աջակցել խաղաղության վերականգնմանը և անդորրության հաստատմանը, և այդ գործի իրականացման համար օգնում Էի գավառապետին՝ Կոստանդին Զախարովիչ Շանշիևին, Թիֆլիսի ներկայիս գավառապետին և Նիկոլայ Կոստանդինովիչ Ռեզանովին, որի համար նրանք մի անգամ չէ, որ հրապարակավ հայտնել են իրենց շնորհակալությունը։ Հայ-թուրքական բախումների սկզբում, մտածելով միայն ինքնապաշտպանության մասին, մենք իմ պատվավոր հայրենակիցների հետ միասին հայտարարեցինք. «Մենք, լոռեցիներս, չենք հարձակվում և չենք կռվում մեր հարևան թուրքերի հետ և ոչ մի կողմի վրա, որովհետև, եթե ուժեղ ենք - անիրավություն է, եթե թույլ ենք - հիմարություն է։

Մենք պահպանում ենք խաղաղություն և հաշտություն, դրա համար բարձրացնում ենք սպիտակ դրոշակ և կոչ ենք անում մեր հարևան թուրքերին մեզ հետ միասին խաղաղություն պահպանել։ Եվ երդվում ենք՝ միշտ մաքուր ու բարձր պահել մեր սպիտակ դրոշակը[4]։

  1. Պահպանվում է որոշման պատճենը Թիֆլիսի նահանգական ժանդարմական վարչության պետի օգնական ռոտմիստր Պրիգարայի ստորագրությամբ՝ Հովհաննես և Մուշեղ Թումանյաններին քաղաքական և այլ մեղադրյալների հետ 1908 թ. դեկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը բանտարկելու մասին և բանաստեղծի՝ հունվարի 3-ի առաջին հարցաքննության արձանագրությունը։ Ժանդարմական պաշտոնյայի հետ այդ առաջին հանդիպումը կրել է հարց ու պատասխանի բնույթ (կենսագրական կարճ տեղեկություններ, զբաղմունք)։ Բանաստեղծը ժխտել է իրեն վերագրվող մեղադրանքը և հաջորդ օրը՝ հունվարի 4-ին, գրելով այս լրացուցիչ ցուցմունքը, ներկայացրել Պրիգարային, որը այդ միջոցին կատարել է քննիչի դեր (բանտարկության մասին որոշումը և հունվարի 3-ի հարցաքննության արձանագրությունը տե՛ս ՎՊԿԱ, ֆ 153, ց 1, գ 1422, թ 100, 128, լուսապատճենը ԹԹ, Փբ, № 60, 63)։
  2. Տե՛ս № 1 նամակի № 1 ծանոթագրությունը և 1905 թ. նոյեմբերի 29-ին Թիֆլիսի կայարանապետի միջոցով Խրիմյան Հայրիկին ուղղված հեռագրի ծանոթագրությունը։
  3. № 9 նամակից հայտնի է, որ այդ միջոցին բանաստեղծը կարևոր գործով եկել էր Թիֆլիս։ Նույն տեղում գրում է, որ կարգադրված է իրեն ձերբակալել։ Հնարավոր է, որ Լոռուց Թիֆլիս Թումանյանի մեկնելը կապված է եղել իրեն վերագրվող մտացածին մեղադրանքները հերքելու հետ։ № 13 նամակում ևս տեղեկություն կա բանաստեղծի՝ Թիֆլիս մեկնելու մասին։Սույն գրավոր ցուցմունքում բանաստեղծը կամ դիտավորյալ խուսափել է հիշեցնելու իրեն վերագրված նախկին մեղադրանքները, կամենալով շեղել ժանդարմական պաշտոնյայի ուշադրությունը 1906 թ. իր Թիֆլիսի հետ ունեցած շփման մասին, կամ, պարզապես, մոռացել է կարճ ժամանակով երկու, երեք անգամ (գուցե և ավելի) Լոռուց Թիֆլիս մեկնելն ու վերադառնալը։
  4. Նկատի ունի իր ձեռքով գրած «Լոռեցիների կոչը» (բերվում է լա.։ ԱՀ 6, 145—146)։