Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/483

Այս էջը հաստատված է

Երբ իմացանք, որ մեր հարևան Ղազախի գավառում սկսվել են ընդհարումներ, սպիտակ դրոշով և Լոռվա պատվավոր մարդկանցով մեկնեցինք այնտեղ և կռվող կողմերին հաշտեցրինք նախապես հեռագրելով այդ մասին Շուլավերի գավառապետին[1]։ Նույն դրոշակով տարբեր ժամանակ մենք մեկնեցինք Բորչալուի, Ղազախի և Լոռու քոչավայրերը՝ կանխելու համար կողոպուտն ու թալանը, մշտապես վարչակազմի և իշխանության գիտությամբ։ Հայերի կողմից կատարված կողոպուտների մասին միշտ տեղեկացրել եմ կամ գնդապետ Զոլոտայրովին, այժմ Բորչալուի գավառի լիազորված գեներալ-նահանգապետին, կամ գավառի վարչակազմին, կողոպտված իրերը վերցնում էի և տեղական պրիստավի միջոցով վերադարձնում տերերին, պաշտպանում բոլորին հարձակումներից և վիրավորանքներից, անկախ հավատքից և ազգությունից, ինչի համար շնորհակալություն եմ ստացել պարսկական գլխավոր հյուպատոս Առնոլդ խանից և Շահալի-էլիարի ֆրանսիական պղնձահանքերի դիրեկտորից։ Օգնության եմ հասել Խամբուլաղի, Ալավերդու, Լոռու պրիստավներին, Խաչիգեղի անտառային ամառանոցի անտառապահին, ինչպես նաև հաշտարար դատավորին։

Ընդհարումների սկզբնական շրջանում, երբ Լոռու պրիստավը, որի ազգանունը չեմ հիշում, լուր տարածեց, իբր թե ռուսները Կովկասը թողնում են թուրքերին, ես այդ առիթով բողոքեցի գավառապետին, ասելով, որ նման լուրերը խաթարում են հավատը ռուսական իշխանության նկատմամբ։ Այդ պրիստավը հեռացվեց պաշտոնից։

Երբ տեղի ունեցան Ղարախաչի անկարգությունները Լոռու շրջանում և բախումներն անխուսափելի էին, օգնություն և կարգ ու կանոն հաստատելու համար, Ամենայն հայոց կաթողիկոսի միջնորդությամբ, ես հեռագրով դիմեցի Կովկասի բարձրագույն վարչակազմին[2], չնայած այդ շրջանում հայերն էլ չափազանց ուժեղ էին։ Ի պատասխան իմ անունով ստացա Կովկասի շտաբի գեներալ Բերխմանի ճեպագիրը, որ Ալեքսանդրապոլի ճամբարից օգնության է ուղարկվում Սեվերսկի գնդի երրորդ հեծելավաշտը։ Անկասկած շտաբում պահպանվում է նաև նշված հեծելավաշտի հրամանատարի ճեպագիրը այն մասին, որ երբ հեծելավաշտը տեղ հասավ, Քոլագերանի կայարանում իշխանության ոչ մի ներկայացուցիչ չկար, բացի ինձանից, որ ընդունեցի նրանց և արեցի ինձանից կախված ամեն ինչ։ Այդ ամենի մասին ես կարող եմ բերել պաշտոնական ապացույցներ, փաստաթղթեր և վկաներ, երբ Դուք կամենաք[3]։ Կրկնում եմ և խնդրում չմոռանալ, որ իմ խաղաղարար գործը կատարվում էր այն օրերին, երբ ռուսական հեղափոխությունը գտնվում էր իր ամենաթեժ վիճակում, և դաշնակցությունն էր իշխում մեր կողմերում։ Ես գործում էի այդ ուղղությամբ ոչ թե ինչ-որ անձնական հետարքրություններից դրդված, ոչ թե որևէ մեկին դուր գալու

  1. Խոսքը վերաբերում է Ն. Կ. Ռեզանովին։
  2. Տե՛ս 1905 թ. նոյեմբերի 29-ի հեռագիրը և ծանոթագրությունը։
  3. Հիշատակված փաստաթղթերն անհայտ են։