Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/486

Այս էջը հաստատված է



46. ՊՐԻԳԱՐԱՅԻՆ

Թիֆլիս

(էջ 60)

Հունվարի 12

Ինքնագիրը չի պահպանվում։ Ձեռագիր պատճենը՝ արտագրված ինքնագրից (2 էջ), գտնվում է ՎՊԿԱ, ֆ 153, ց 1,գ 1422, թ 251—252, լուսապատճենը՝ ԹԹ, Փբ № 77։ Ցուցմունքին կից երրորդ էջում կան պաշտոնական մակագրություններ՝ «1909 հունվարի 29» թվագրությամբ։

Թարգմանություն

ԹԻՖԼԻՍԻ ԺԱՆԴԱՐՄԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՌՈՏՄԻՍՏՐ

ՆՈՐԻՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆ ՊԱՐՈՆ ՊՐԻԳԱՐԱՅԻՆ

Թիֆլիսի Մետեխի բերդի կայանավոր Հովհաննես Թումանյանից

1909 թվականի հունվարի 3-ի ցուցմունքի երկրորդ լրացում։

Անհրաժեշտ եմ համարում հունվարի 3-ի իմ ցուցմունքին[1] ավելացնել հետևյալը. 1906 թ. Բորչալուի գավառում գտնվելիս ես հանդիսանում էի գավառական հաշտարար հանձնաժողովի անդամ և գավառապետի[2] կարգադրությամբ կատարած շրջագայությունների ժամանակ ինձ միշտ ուղեկցում էին ուրյադիկներ և պահնորդներ։

Այս հանգամանքի մասին ես հարկ եմ համարում տեղյակ պահել, քանի որ դա մեկ անգամ ևս Ձեզ կարող է համոզել, թե ոչ մի հեղափոխական այն խառը ժամանակներում չէր համարձակվի ժողովրդի մեջ երևալ վարչակողմի գործակալների ուղեկցությամբ, բացառությամբ թերևս մեկ նպատակի՝ միայն հանուն հաշտության և իր խաղաղ կյանքից զրկված բնակչության հանդարտեցման։

Խոնարհաբար խնդրում եմ ավելացնել և այս լրացումը սույն թվականի հունվարի 4-ին տված իմ առաջին լրացման։

Լոռու շրջանից Թիֆլիս իմ վերադարձի ժամանակ ես, բացի անձնական և գրական գործերից ուրիշ ոչնչով չեմ հետաքրքրվել և, կարծում եմ, թե Դուք չեք կարող չհամաձայնել, որ ես առանց մտավոր հավասարակշռությունս կորցնելու հեղափոխության ժամանակ այնպիսի գործողություններով չէի կարող զբաղվել, որոնք ինչ-որ չափով հեղափոխական էին հեղափոխությունից հետո։ Եվ մի՞թե այն բոլոր փաստերը, որոնք ես կարող եմ ապացուցել, երբ Ձեզ հարմար լինի, չեն կարող չհաստատել իմ անմեղությունը

  1. Տե՛ս հունվարի 4-ի գրավոր ցուցմունքի № 1 ծանոթագրությունը։
  2. Խոսքը վերաբերում է Ն. Ռեզանովին։