Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/526

Այս էջը հաստատված է

բաժնետերը Մելիքյանն էր, որը անձամբ ընկերությանը տրամադրել էր 25000 ռուբլի (տե՛ս նամակը)։

4 Հիշատակված Հովհաննեսը բժիշկ Մելիք-Նուբարյանն է՝ հասցեատիրոջ եղբայրը։

5 «Կաթողիկոսական խնդիրն էլ լավ ենք տանում» գրելով Թումանյանը նկատի ունի Մատթեոս Իզմիրլյան կաթողիկոսի մահից հետո (1910, դեկտեմբեր) տպագրված հոդվածները վերջինիս մահվան կապակցությամբ, իր էջմիածին մեկնելուց, դեկտեմբերի 20-ին պատգամավորական ժողովին մասնակցելուց հետո սկսված բանակռիվը «Մշակի» և Համբ. Առաքելյանի հետ, հատկապես «Հ. Առաքելյանը և էջմիածնի վերջին դեպքերը» հոդվածաշարի տպագրությունը։ Ի վերջո, այդ բավական սուր բնույթ կրող վեճը սկսվել էր Կարապետ եպիսկոպոս Տեր֊Մկրտչյանի՝ կաթողիկոսի մահվան պատճառ դառնալու լուրջ մեղադրանքը հրապարակ հանելու կապակցությամբ և, քանի որ վերջինս «Մշակի»՝ կաթողիկոսական ապագա թեկնածուներից էր, և Թումանյանը դեմ էր նրան, այդ բանակռվի ենթիմաստը գալիք ընտրություններն էին (տե՛ս, Հր, 1910, № 284, 290 — 29.3, 1911, № 6, 11, 17, 24 և այլն)։

Այս նամակի գրության միջոցին կաթողիկոսի ընտրության բացահայտ պայքարը չէր սկսվել, դեռևս չէին գրում, թե ով ում թեկնածուն է։ Միայն 1911 թ. սեպտեմբերին Թումանայանի «Կաթողիկոսական ընտրելիները» հոդվածը պարզում է, որ հրապարակի վրա են Եղիշե Դուրյան, Մաղաքիա Օրմանյան, Կարապետ Տեր-Մկրտչյան, Գևորգ Սուրենյան, Սուքիաս Պարդյան, Մեսրոպ Տեր֊Մովսիսյան և այլ բարձրաստիճան հոգևորականների անունները (Հր, 1911, №199)։ Երկար աղմուկներից հետո կաթողիկոս է ընտրվում Գևորգ Սուրենյանը (այլ մանրամասնությունները տե՛ս Վահրամ Մանկունուն գրած նամակի ծանոթագրությունը, նաև՝ Լ. Կարապետյան, 74 — 95):

6 Մեսրոպ եպիսկոպոսը ժամանակի կրթված, գիտուն և առաջադեմ հոգևորականներից էր, օժտված դիվանագիտական և քաղաքագիտական ունակություններով։ Իմանալով լեզուներ և, հատկապես, ռուսերեն, նա էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչն էր կառավարության առջև։ Պետերբուրգի ռուս հոգևորականության պահպանողական շրջաններում եղել է այն թյուր կարծիքը, թե հայ լուսավորչական եկեղեցին քրիստոնեության մեջ աղանդավոր է։ Նույն կարծիքը պաշտպանում էր հրապարակախոս լրագրող Մենշիկովը, և, քանի որ Մեսրոպ եպիսկոպոսը, հաճախ լինելով Պետերբուրգում, հանդիպումներ էր ունենում Մենշիկովի հետ, նրան հակառակը համոզելու համար բացատրել է, որ լուսավորչական եկեղեցին աղանդավոր չէ, այլ իր ընդհանուր հիմունքներով նույնն է, ինչ որ ռուս և հույն եկեղեցին։ Օգտագործելով այս փաստը, հայ պահպանողականները սկսել են հանիրավի մեղադրել եպիսկոպոսին, թե նա մտադիր է հայ եկեղեցին միացնել ռուս ուղղափառ եկեղեցուն (Հր, 1911, № 239)։