Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/538

Այս էջը հաստատված է

Տպագրվել է ԵԺ V, 349

Թարգմանություն

Աշխեն ջան Նունիկ ջան,

Մինչև հիմա ձեզանից ոչ մի նամակ չունեմ։ Դուք կարող եր ինձ գրել ամեն օր։ Ես գրել կարող եմ շաբաթը մեկ անգամ, իրկ ստանալ—թեկուզ օրը հարյուր նամակ, բայց ռուսերեն, որովհետև թարգմանող չկա։ Մուշեղը մոտս էր, ինձ սպիտակեղեն բերեց։ Նա առողջ է, եղել է դատախազի մոտ, ասում է գուցե ինձ ազատեն։ Երեկ ստացա իմ խնդրի պատասխանը — թույլ են տալիս 63 վկաներ բերել իմ հաշվին։ Ես միանգամայն հուսով եմ, որ գործը կբացվի ու կպարզվի։ Ասացեք Ռոստոմին, Վահանին ու Արշավիրին, և առհասարակ մերոնց բոլորին, որ իրենց համար հանգիստ նստեն: Երեխաներին այնքան հաճախ տանից դուրս մի թողեք։ Խնդրում եմ ձեռք չտաք իմ ձեռագրերի արկղերին և վերջին պահարաններին։ Աշխենն ու Գիգան թող իրենց հետ վերցնեն իմ ստորագրությամբ բոլոր հոդվածները Լեոյի ժամանակվանից մինչև նոյեմբերի 1—ը[1] և իմ հայ գրականության դաասախոսությունը: Մի մասն իմ գրասեղանի ներքևի արկղերի և բյուրոյի մեջն է։ Արտիկը և Համլիկը կգտնեն։ Ես առողջ եմ։ Ստանում եմ լավ ճաշ, թորած կաթ և սերուցք՝ ամեն օր: Այսպիսի կաթ Թիֆլիսում չկա։ Թիֆլիսում չկան նաև այսպիսի կիրթ և բարեհոգի մարդիկ։ Բայց եղանակն անտանելի Է, և երկինքը շարունակ ամպամած ու մռայլ։ Ոչ արև կա, ոչ արևի շոգ։ Գիշերները մրսում էի մի վերմակի տակ, խնդրեցի երկրորդը պետական։ Պաշտպանների համար փողը երևի արդեն ուղարկված է։ Ռոստոմին ասեք՝ եթե պետք լինի, թող նորից պարտք վերցնի—դուրս կգամ, կվճարենք։ Գործը կբացվի, անպայման կբացվի և ի զարմանս բոլոր դատավորների—կպարզվի ողբերգությունը և ա՛յն, թե ինչպիսի ստորությունների են ընդունակ մեր հայրենակիցներն ու հարևանները։ Կբացվի։ Համբուրում եմ ձեզ բոլորիդ ու երեխաններին։ Թող երեխաները գրեն։ Բարևներ մեր բոլոր մոտիկներին ու ազգականներին և բարեկամներին։ Ի՞նչ նոր բան կա գրականության մեջ։ Կարդում եմ Հաուպտմանի «Ջրասույզ զանգը: Տոների առթիվ մանկական գրքերը ծախվում են թե չէ: Սպասում եմ նամակների։ Գրեցեք ամեն օր։ Ձեզ հաճախ տեսնում եմ երազում. համարյա ամեն գիշեր, բայց մայրիկը միշտ սև է հագնված։ Պինդ, պինդ համբուրում եմ ձեզ բոլորիդ։ Ինձ մոտ ամեն, ամեն ինչ կա, և՛ կաթ, և՛ սերուց. կարագ, և նույնիսկ կիլկի ու համալասու (брусничное) մուրաբա:

Ձեր Հայրիկը
  1. Թիֆլիսից նամակ չստանալով՝ բանաստեղծը տեղյակ չէր, որ Աշխեն Թումանյանը և ամուսինը արդեն ճանապարհվել էին դեպի Պետերբուրգ (տե՛ս նախորդ նամակի № 4 ծանոթագրությունը):