Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/540

Այս էջը հաստատված է

 Ինձանից սրտագին ողջույն գրասենյակից մինչև Օրթաճալա։ Էս քանի օրը կարդում էի Լեյկինը և հանկարծ գտա իմ «Գիքորին», իհարկե ռուս, «Торговый мальчик Ванюша» վերնագրով։ Գյուղից ո՞վ է եկել, ի՞նչպես են նրանք այնտեղ։ «Գիր»–ից չե՞ն ավելացրել, արդյոք, թե նորից 70 ռուբլի է։ Ի՞նչպես անցկացրիք տոները։ Ո՞նց են երեխաները՝ Թամարը, Սեդիկը, Սաթիկը, Արեգը, Արփիկը և Անուշը, մնացածներն արդեն երեխա չեն։ Ինչո՞ւ չեն գրում։ Ի՞նչ է պատահել «Հասկերին»։ Ինչպես են նրանք բոլորը։ Ես միանգամայն հուսով եմ, որ վերջապես կհասկանան թուրքերին, որոնք հակառակ ամբողջ ադմինիստրացիայի, կարծես թե պաշտպանում են ռուս պետության շահերը, և իմ գործը կպարզվի։ Էդ հին պատմություն է, կրկնվում է։ Դուք հանգիստ եղեք։ Արտիկը թող գոնե ինքը մենակ պարապի: Նա ետ կմնա իր ընկերակիցներից։ Թող կարդա, սովորի։ Պինդ համբուրում եմ ձեզ բոլորիդ։

Քո հայրիկ

——————————————

1, 2 Բանաստեղծը Թիֆլիսից — Պետերբոլրգ էտապով մեկնել է, ինչպես ասվեց, 1911 թ. դեկտեմբերի 14—ին։ Մինչև սույն նամակի գրության օրը նրա նամակները Թիֆլիս հասել են բավական ուշացումով (1911 թ. դեկտեմբերի 28—ի նամակը 1912—ի հունվարի 14—ին), ուստի ընտանիքի անդամները, չիմանալով բանտային օրենքը նամակագրության մասին, գրել են հայերեն նամակներ, որոնք այդ օրերին Թումանյանը ստանալ չէր կարող (պահպանվում են Աշխեն և Նվարդ Թումանյանների՝ դեկտեմբերի 24—ի, 25—ի, 26—ի կամ 27—ի (՞) նամակները, տե՛ս ԹԹ, Փբ, № 281, 282, 2997)։

3 Նկատի ունի Հովհ. քահանա Մարտիրոսյանին՝ Օլգա Թումանյանի հայրացուին և մորը՝ Շուշանիկ Մաճկալյանին։

4 Այդ հեռագրերը և այլ շատ փաստաթղթեր առաջին բանտարկության միջոցին (1908 դեկտ. 24) բնակարանը խուզարկելիս բռնագրավվել են ու հետագայում, նախնական քննության օրերին, փորձեր են արվել օգտագործելու որպես մեղադրանքի ապացույցներ։ Ինչ—ինչ փաստաթղթերի (այդ թվում և Ալեքսանդրապոլի շտաբից Վահան Թումանյանի միջոցով ձեռք բերված նյութերի) Պետերբուրգ ուղարկված լինելու մասին տեղեկություններ կան Համլիկ Թումանյանի՝ 1912 թ. հունվարի 29—ի նամակում (ԹԹ, Փբ, № 2820. այստեղ հայտնվում է նաև «Գառնիկ ախպեր» հեքիաթի մասին Ստ. Լիսիցյանի հեռագիրը չգտնելու լուրը)։

5 Նկատի ունի 1909 թ. հունիսի 13—ին Մետեխի բանտից իր ազատվելու համար ժանդարմական վարչությանը Փիլիպլոս Վարդազարյանի վճարած 5000 ռ. գրավականը։

6 Խոսքը վերաբերում է Զարդարյան—Վարդազարյան առևտրական ընկերության գրասենյակին և նույն ընկերության կաշվի գործարանին, որոնցից առաջինը Թիֆլիսի նախկին Վելյամինովսկայա փողոցում էր (ուր տարիներ շարունակ այցելում էր Թումանյանը նույնիսկ շատ հաճախ իրեն)