Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/654

Այս էջը հաստատված է

 հացի կեսը։ Ֆոն Կրեսսը խոստացել է հնարավորության սահմաններում օգնել և, ընդհանրապես, սրտացավությամբ ընդունելով իրեն ներկայացված կոչը, պատրաստակամություն է հայտնել անմիջապես բնագիրը հաղորդել Բեռլին՝ իր կառավարությանը։

Նույն օրը Թումանյանը կոչի մի այլ օրինակ հանձնել է ավստրիական ներկայացուցչին, որը նույնպես խոստացել է առանց ուշացնելու կոչը հասցնել Վիեննա (KC, 1918, № 176)։ Հայ ժողովրդի և նրա բանաստեղծի հույսերը չարդարացան (ռուսերեն կոչը և Թումանյանի ու գեներալի հարցազրույցի մանրամասները տե՛ս Լ. Կարապետյան, էջ 218—221)։

2 Սա պատասխանն է Համբարձումյանի վերը հիշված նամակի հետևյալ խոսքերի. «Բարի եղեք կարգադրել, թե առաջիկա ընդհանուր ժողովը, որ լինելու է հինգշաբթի, որտե՞ղ պիտի գումարել, որովհետև բարեգործական ընկերության տանը պահանջում են օրական 20 ռուբլի ծառային և լուսավորությանը (փող չլինելու պատճառով այդ ծախքն էլ չենք կարողանալու ծածկել, հարկավոր է շուտով միջոցների խնդիրր լուծել)»։

290. ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻՆ

(էջ 294)

Հուլիսի երրորդ տասնօրյակ

Ինքնագիրը պահպանվում է ՊԿՊԱ, ֆ 244, ց 1, գ 7, թ 52: Անթվակիր է. ժամանակը որոշվում է մոտավորապես, ըստ Հ. Համբարձումյանին ուղղված նախորդ ինքնագրերի (գրված նույն կապույտ մատիտով)։

ՀՀՄՄ կենտրոնական խորհուրդ ստեղծելու որոշում է կայացվել է 1918-ի հուլիսի 19-ի նիստում, դա փոխարինելու էր ՀՀՄՄ վարչությունների ընդհանուր ժողովին։ Խորհուրդը (նախագահ՝ Թումանյան, փոխնախագահ՝ Մարգար Ավետիսյան), բաղկացած լինելով հայրենակցությունների երեքական ներկայացուցիչներից, հանդիսանալու էր ՀՀՄՄ գերագույն մարմինը: Խորհուրդը հուլիսի 21֊ի նիստում գաղտնի քվեարկությամբ ընտրել է յոթ հոգուց բաղկացած գործադիր մարմին Թումանյանի նախագահությամբ։ Այսպիսով այս երկտողը բոլոր դեպքերում գրված է հուլիսի 19-ից հետո։

Տպագրվում է առաջին անգամ։