Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/666

Այս էջը հաստատված է

էս անգամ էլ, առասպելական Ֆենիքսի նման[1], պիտի հառնի իր օջախների մոխիրներից նոր կյանքով ու ավելի տաղանդավոր բանաստեղծների զվարթ երգերով։ Եվ եթե բանաստեղծի աղոթք եք ուզում դուք ինձանից, ապա ես միայն մի աղոթք ունեմ նրա համար, որ նա, հայ ժողովուրդը, կենդանի մնա ֆիզիկապես, մնացածը ձեռք կբերի ինքը․ ինքը, որ կանգնած է աշխարհների մեջտեղը, Հայաստանի երկնահաս բարձրավանդակին, երկնից էնքան մոտիկ, իր խոհուն ճակատը դեմ տված աշխարհի բոլոր փոթորիկներին՝ պայծառ նայում է դեպի իր մեծ ու լուսավոր ապագան։

Իմ հոգին լիքն է նրա ոգու հզորության շնչով և նրա մեծ ապագայի անսասան հավատով։

Եվ թող էդ մեծ ոգին ու էդ անսասան հավաար զորավիգ լինեն նրա կառավարությանը, որ կարողանա իր ժողովրդին հանել էս ծանր ճգնաժամից և տանել հաղթանակներից ամենամեծն ու ամենագեղեցիկը՝ եղբայրական սիրով տիրել հարևան ժողովուրդների սրտերին՝ Հայաստանի երջանկության համար։

Հովհաննես Թումանյան

2 Հեռագիրը հղված է ի պատասխան 1919 թ. բանաստեղծի ծննդյան 50–ամյակի առթիվ Հայաստանի կառավարությունից ստացված հետևյալ հեռագրի (տպագրվել է ՀջԹ՝, 1919, № 39, մարտի 2)։

«Երկրի ապրած ծանր օրերին Հայաստանի կառավարությունը իր ողջույնն է ուղարկում հայ գրականության Զարդին։ Բանաստեղծի աղոթքի քաղցր հնչյունները թող հնչեն հայրենի ժողովրդի մեջ և աջակից լինեն նրա սպասավորների ոգուն։

Մինիստը նախագահի փոխանորդ՝ Ա. Խատիսյան»

305. ԱԼԵՔՍԱՆԴՐ ԽԱՏԻՍՅԱՆԻՆ

Թիֆլիս—Երևան

(էջ 307)

Մարտի 8

Հեռագրի ինքնագիրը չի պահպանվել, բնագիրը գտնվում է ՊԿՊԱ, ֆ 199, ց 1, գ 47, թ 20։

Տպագրվում է առաջին անգամ։

Թարգմանություն Երևան, մինիստր նախագահի տեղակալ Խատիսովին

  1. Ֆենիքս (փյունիկ) — առասպելական այն թռչունն է, որ մեռնելուց հետո վերստին կենդանություն է առնում իր սեփական մոխրից։