Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/720

Այս էջը հաստատված է



401. ՊՈՂՈՍ ՄԱԿԻՆՑՅԱՆԻՆ

Թիֆլիս– Երևան

(էջ 414)

Մայիսի 17

Ինքնագիրը (2 էջ) պահպանվում է ՆՊՊԿԱ, ֆ 122, ց 1, գ 92, թ 126։

Սևագրությունը գտնվում է ԳԱԹ, թֆ, № 335, որտեղից և թյուրիմացաբար արտատպվել է որպես հոդված <Մ. Աբեղյանի ուղղագրության առթիվ> խմբագրական վերնագրով (ԵԺ VI, 158)։ Մաքրագրի և սևագրի մեջ կան լեզվաոճական չնչին տարբերություններ։ Ինքնագրի վրա վերևի ձախ անկյունում մակագրված է՝ «կցել գործին»։

Տպագրվել է ՀՍՍՌ ՆԳՄ արխիվային բաժնի գիտաինֆորմացիոն բյուլետենում, 1957, № 4, էջ 48։

1 Հրահանգը հայոց լեզվի ուղղագրության ռեֆորմի գործադրության մասին Երևանում տրվել է 1922 թ. մարտի 4 ֊ին, Թիֆլիսում հրապարակվել է մարտի 28֊ին (ԿԱ, 1922, №68) լուսժողկոմ Հակոբ Հովհաննիսյանի ստորագրությամբ։ Այն պարտադրում էր ուղղագրական ռեֆորմը ամբողջովին ի կատար ածել 1922—1923 թթ. ուսումնական տարվա սկզբից մինչև 1923-ի հունվար ամիսը։

Ստեփան Մալխասյանցի «Հայոց լեզվի ուղղագրության մասին» հոդվածը պարզում է, որ՝ դեռևս 1921 թ. դեկտեմբերի վերջերին Երևանում տեղի է ունեցել խորհրդակցություն նոր ուղղագրության մասին։ Զեկուցել է Մ. Աբեղյանը՝ Ստ. Մ ալխասյանցի, Հ. Մանանդյանի, Գր. Ղափանցյանի ներկայությամբ։ Մեկ առ մեկ քննվել են ուղղագրության ռեֆորմի բոլոր կետերը, եղել են վիճաբանություններ և ի վերջո հանձնաժողովը «…հայտնելով յուր կարծիքը ուղղագրության մասին՝ միահամուռ այս միտքն էլ հայտնեց, թե հայրենի ուղղագրության ռեֆորմի հարցը հեղինակավոր և ամենին ընդունելի կերպով լուծելու համար անհրաժեշտ է բազմամարդ մասնաժողով հրավիրել հայության բոլոր մեծ հատվածների ներկայացուցիչներից» (ԿԱ, 1922, № 98, մայիսի 6):

Ըստ երևույթին, մարտի 4 ֊ի հրահանագը տրվել է առանց հաշվի առնելու այս եզրակացությունը, իսկ մայիսի 14-ին Թիֆլիսում հայտարարվել է հետևյալը.

Խմբագրության կողմից

«Հայտնվում է ի գիտություն աշխատակիցների, որ «Կարմիր Աստղը հետևյալ համարից լույս է տեսնելու նոր՝ Հայաստանի ժողովրդական կոմիսարների խորհրդի դեկրետով ընդունված ուղղագրությամբ, թող գրեն նրանով» (ԿԱ, 1922, № 105):