Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/83

Այս էջը հաստատված է
52. ՄԱՐԻԱՄ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Թիֆլիս—Աբասթուման
<1909, հուլիսի 9>, երեքշաբթի, Թիֆլիս

Չգիտեմ ինչու ուշացավ ու մինչև այսօր պատասխան չի գրում ինձ իմ քնքույշ ընկերը, իմ գեղեցիկ հրատարակչուհին։

Իսկ ես ուրիշ նամակ եմ մտածում և ուրիշը գրում, որովհետև շոգ է, անտանելի վատ եղանակ։

Կարոտով սպասում եմ, երբ կտեսնվենք ու կպատմեմ երկա՜ր, երկար։ Այժմ այստեղ զբաղված եմ իմ գործով1 ու «Լուսաբերով»։ Նաև մտածում եմ մի ուրիշ բան. մի շարք գրքույկներ պատկերազարդ, բայց արդեն հեշտ, տպարանական։ Կարծում եմ գեղեցիկ կլինի։ Վերջին ժամանակները, դեռ անցյալ տարի պատմել եմ Ձեզ, ինձ սաստիկ զբաղեցնում է կենդանիների ու բույսերի կյանքը․ ես արդեն նրանց այնպես եմ նայում, որպես մարդուն՝ կենդանի ու բանական արարած։ Եվ ի՜նչ լավ է, որ այսպես է։ Մերոնք ամենքը գնացել են, ես մենակ եմ միանգամայն։

Թեև անցյալ նամակում խոստացել էի շարունակել իմ գործից գրել, բայց զահլես գնում է2․ թողնենք, հետո կպատմեմ։ Միայն թե մի բան ինձ շատ զարմացրեց, թե ինչ սրտով են վերաբերվել իմ գործին փոխարքան ու կինը և մի քանի ուրիշ բարձրադիր անձինք3։

«Նոր դպրոցում» մի փոքրիկ հոդված կա մեր գրքույկների վրա, իհարկե, լավ։ Ասում է բանաստեղծությունը, նրա վրա գուրգուրացող քնքույշ սիրտը (կարծեմ պարզ է), ու նկարչությունը միացել են, և այլն4։