Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/88

Այս էջը հաստատված է
56. ՄԱՐԻԱՄ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Թիֆլիս—Աբասթուման
<1909>, 18 հուլիսի, Թիֆլիս
Սիրելի Մարիա Մարկովնա,

Ո՜րքան կուզեի այժմ Աբասթուման1 լինեմ։ Այդ փոքրիկ գեղեցիկ հովիտում Ձեզ հետ զբոսնեինք ու խոսեինք գեղարվեստից և ամեն բանից, ինչ որ գեղեցիկ է ու լավը։

Ո՜րքան հիշողություններ ու անմոռանալի վայրկյաններ են կապված Աբասթումանի այս կամ այն փոքրիկ, խաղաղ, չքնաղ անկյունում։ Այդտեղ ես շատ եմ երազել, ու գրել եմ իմ մի քանի լավ բաները։ Այդտեղ եմ մշակել «Անուշը», այդտեղ եմ գրել «Փարվանան» և այլ բաներ—հա՛, «Թմկաբերդի առումը»։

Այդտեղ նամակներ եմ ստացել, որոնց վրա արտասուքի կաթիլների հետքերն ամեն խոսքից ու գրչից ավելի պերճ են խոսել իմ սրտին… Այդտեղ ես բանաստեղծություններ եմ գրել ինձ համար ու տվել քամուն…

Եվ ի՜նչ լավ եմ արել։

Մի տուն կա այդտեղի պարկից վերև, փոքրիկ ձորակում, առվի ափին, ծառերի մեջ կորած—այնտեղ ֆելդշեր Тячкин-ն էր ապրում այն ժամանակ։ Ես նրա մոտ էի—այն տանը։

ճշմարիտ որ «սիրելի Աբասթուման․..»2 այնքան թանկագին ցնորքների, հիշողությունների ու զգացմունքների հետ է կապված—սկսած Աբասթուման գնալու պատմությունից ու արցունքներից։

է՜հ, էս մի նամակն էլ էսպես լինի։

Արդյոք ինչպե՞ս է Միշայի առողջությունը, խնդրում եմ չմոռանաք Ձեր նամակում։

Անվերջ բարևներով՝ Ձեր Հ. Թումանյան