Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/95

Այս էջը հաստատված է

հարկադրում են դիմելու հարգելի խորհրդիդ, որ իրավունք տա նրան ամառվա ընթացքում պատրաստվելու և քննություն տալու օգոստոսին։ Առաջինը, որ նա, նույնիսկ նկարիչների կարծիքով տաղանդավոր տղա է և շատ է տարված նկարչությունով և միաժամանակ սովորում է նկարչական դպրոցում, և էդ է պատճառը նրա թուլուլթյան մյուս առարկաներից, ոչ թե անընդունակությունը։ Երկրորդ, փոքր եղբայրը, Համլիկը, նույն դասարանից փոխադրվում է չորրորդ, իսկ ինքը մնում, որ, անշուշտ, ծանր է ազդելու նրա վրա, էնքան ծանր, <որ> ես ստիպված եմ լինելու նրան էդ դրությունից ազատելու համար հանել դպրոցից։

Խոնարհաբար խնդրում եմ, ի նկատի առնելով վերև հիշած հանգամանքները, իրավունք տալ նրան օգոստոսին քննությունից տալու էն առարկաներից, որոնցից թույլ է կամ հակառակ դեպքում բոլոր առարկաներից-չորրորդ դասարանում նստելու համար։

Հովհ․Թումանյան
64․Արմենուհի Տիգրանյանին
Թիֆլիս—Ալեքսանդրապոլ
16 հունիսի, 1910, Թիֆլիս

Զեր երկու նամակն էլ ստացել եմ մեծ հաճույքով1։ Այո, ճշմարիտ է, որ ես շատ եմ ծույլ նամակ գրելու, բայց Ձեր նամակներն անկարելի է, որ առանց պատասխան մնան, և նույնիսկ ես ինքս միշտ կուզենամ Զեզ գրել ու միշտ տեղեկություններ ունենալ, թե ինչպես եք Դուք։

Թանկ են ինձ համար Ձեր բարեկամական զգացմունքներն ու սրտալի վերաբերմունքը, և շատ եմ շնորհակալ Ձեր ցանկության համար, թե ինձ չէիք կամենա տեսնել մամուլի մեջ2։ Ես ինքս արդեն մամուլը չեմ սիրում, և եթե այժմ ընկել եմ մեջը՝ պատահմունք է միայն և կարճ ժամանակով։