Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/104

Այս էջը հաստատված է

20 Ունի երկու հատ գեղեցիկ զավակ.
Եվ ահա կանչեց իր սիրուն զույգին,
Ձայն տվեց թե չէ՝ դուրս եկան կողքին:
Աղջիկ է մեծը, անունն՝ Արեգակ,
Նմանը չըկա երկնքում հրեշտակ.
25 Աչքերը սև-սև, մազերը գանգուր,
Հոնքերը կեռ-կեռ, ասես մի-մի թուր.
Իսկ փոքրը՝ տղա, անունը Լուսնյակ,
Շարմաղ, ինչպես ձյուն, իրավ լուսունակ:
Ապա թե խոսեց մայրը լուսածին.
30 — Գնացե՛ք, որդիք, Արեգակ, Լուսին,
Մեկդ գիշերը, մյուսդ ցերեկը,
Լուսավորեցեք խավար աշխարհքը.
Դե՛հ, բավական է, գնացեք, որդիք,
Հերիք խավարում խարխափեն մարդիկ:
35 — Ես ցերեկը կերթամ, ասաց Լուսնյակը,
Լուսավորելու խավար աշխարհքը,
Եվ այնտեղ ինչ որ տեսնեմ, նկատեմ,
Կըգամ քեզ, մայրիկ, մին-մին կըպատմեմ:
— Վա՜հ, չէ՜, ես պիտի գնամ ցերեկը,
40 Խոսեց վրդովված սիրուն Արեգը.
Միթե աղջիկը կըշրջի՞ գիշերը,
Որոշիր, խնդրեմ, մայրիկ, մեր դերը:
— Լսի՛ր, իմ Լուսին, չէ՞ խելոք ես դուն,
Հորդորեց մայրը յուր համառ որդուն,
45 Արեգն աղջիկ է, նա կըվախենա,
Դու քաջ տղա ես, գիշերը գնա:
Սակայն Լուսինը պպին էր կանգնել,
Սիրուն քրոջը չուզեց զիջանել.
Եվ այդ ժամանակ մայրը լուսածին
50 Բարկացած դարձավ համառ Լուսնյակին. —
— Բավական, Լուսին, պատանի դու վես,
Գնա՜ քո գործին, հեռացիր աչքես:
Ասաց, Լուսնյակի երեսին սիպտակ
Խմորոտ ձեռքով զարկեց մի ապտակ:

98