Երբ որ կըհասնենք էն սարի գըլխին,
Այնժամ կիմանամ, որ սիրում ես ինձ,
Այնտեղ կըլինեմ ես քո սիրուհին,
20
Ու սիրով կապված կիջնենք այնտեղից:
Ու դըրավ ուսին սիրած աղջըկան,
Սրինգը հընչեց, ըսկըսեց պարը,
Ճանապարհ ընկավ սիրահար տըղան
Դեպի ամպամած լերան կատարը:
25
Գընում է, գընո՜ւմ սեպ ժայռերն ի վեր,
Ու պար է գալի, և անվերջ ածում.
— Դեռ շա՜տ է հեռու… որտե՜ղ ես դու դեռ…
Դու ինձ չես սիրում, դու սուտ ես ասում…
Ծալվում են հոգնած ծընկները տակին,
30
Քըրտինքը վազում ճակատից ներքև,
Բերանն է հասել — թըռչում է հոգին,
Աչքերը մթնում, շընչում հևիհև:
— Չէ՛, չեմ հավատում ես դեռ քո սերին,
Դեռ շատ է հեռու գագաթը լերան…—
35
Ասում է Շամոն նըստած ուսերին,
Ճըգնում է նորից ուժասպառ տըղան:
Արդեն ամպերի տակին է պարում:
Մոտիկ է արդեն գագաթը ձյունոտ,
Վերջին ուժերը հավաքում, լարում,
40
Դարձյալ մի պըտույտ, դարձյալ մի ոլորտ…
Մի քիչ էլ… քիչ էլ… վերջապես հասավ,
Վայր դըրավ ուսից սարի կատարին.
— Հոգիս հանեցիր, օ՜ֆ Շամո… — ասավ,
Ասավ ու ընկավ սըրինգը ձեռին: