Լինում է թե չէ, ո՞վ գիտի հաստատ.
Եվ ի՞նչն է հաստատ աշխարքի վըրա…—
Աշխարքում հաստատ մի բան կա մենակ,
Այն է, որ հաստատ ոչ մի բան չկա։—
5
Լինում է՝ իբրև գյուղացի մի մարդ,
Աղքատ, օրական ապրուստի կարոտ։
Ունենում է սա մի խելոք տըղա,
Տանում է ծառա տալի մեկի մոտ։
Տարիք են անցնում։ Էս խելոք տըղեն
10
Էնպես է ազնիվ ու ժիր ծառայում,
Որ տերն էլ սըրա վարձը շատացնում,
Ինչպես իրենը՝ էնպես է նայում։
Հիշում է մի օր հայրը իր որդուն
Ու վեր է կենում գալի տեսություն.
15
— Հը՞, ո՞նց ես, որդիս, հիմի էլ էնպես
Էլ մերկ ու տըկլոր, էլ քաղցած հո չե՞ս։
— Չէ՛, լավ եմ, հայրիկ, ապրուստս միշտ կա,
Բայց ի՞նչ անես որ… էսպես չի մընա…
Գընում է հայրը։ Տարիք են անցնում։
20
Առաջ է գընում տըղեն օրն օրին,
Վերջը բարձրանում, պալատն է հասնում,
Դառնում է ծառա մեծ թագավորին։