Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/169

Այս էջը հաստատված է

— Հայտնի լինի մեր տերության,
Զինվոր, բանվոր, ազնըվական —
        Ամեն շարքին
120 Ու աշխարհքին,
Որ անօրեն ու դավաճան
Մեր դրացի ազգը դաժան,
Երբ մենք քընած էինք սիրով,
Մեր սահմանը մըտավ զոռով,
125 Ու կոտորեց սուրը ձեռին
Մեր սիրելի զավակներին։
Արդ, սըրահար ու հըրակեզ
Մեր որդիքը կանչում են մեզ,
Եվ մենք, ընդդեմ մեր իսկ կամքին,
130 Պատվեր տըվինք մեր բանակին,
Թընդանոթով մեր ավերող
Ու աստուծով մեծակարող,
Հանուն արդար ու սուրբ ոխի
Մըտնի հողը մեր ոսոխի։

135 Մյուսը նույնպես իրեն հերթին
Գըրեց զորքին, ժողովըրդին.
Մարդկանց առաջ և աստըծու,
Բողոքում ենք մեր դըրացու
Վարմունքի դեմ և չար, և նենգ,
140 Որ ոտքելով ամեն օրենք,
Բորբոքում է կըռիվ ու վեճ
Հին հարևան ազգերի մեջ,
Քանդում սիրո դաշը կապած։
Արդ՝ ակամա մենք ըստիպված,
145 Հանուն պատվի, արդարության,
Հանուն թափված անմեղ արյան,
Հանուն ազատ մեր աշխարհքի,
Հանուն աստծու և իր փառքի —
Բարձրացնում ենք մեր ձայնն ահա
150 Ու մեր սուրը նորա վըրա։

163