Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/209

Այս էջը հաստատված է



Կըկուն բընից կուճին հանեց.
— Սուտ ես ասում, դու խաբեբա,
150 Անխիղճ գազան, անկուշտ, ագահ,
Ո՞վ է տըվել էստեղ քեզ սար,
Սարն ամենքինս է հավասար։
Ի՞նչ ես եկել սուտ տեր դարձել,
Ես էլ, հիմար, ճիշտ եմ կարծել,
155 Ձագուկներըս տըվել եմ քեզ…
Կորի՛ գընա, չար աներես.
Հերի՛ք՝ ինչքան լաց եմ եղել,
Հիմի գիտեմ, չեմ վախում էլ,
Կացին չունես՝ ծառը կըտրես։
160 — Ո՞վ ասավ քեզ։
       — Աղվեսն ասավ։
       — Աղվեսը՞… լա՛վ…

V

Ու աղվեսի վրա
Դառն ու դատարկ Գելը գընաց։
165 Գընաց էնքան
Ման եկավ, մա՜ն,
Մինչև տեսավ մի ծըմակից,
Մի հաճարի ծառի տակից,
Կեռիկ-մեռիկ,
170 Սանամերիկ,
Իր սուր դընչով,
Թուխլիկ պընչով
Դուրս եկավ էն ոչ ու փուչը,
Ետևիցն էլ երկար պոչը։
175 — Հը՜, ճանկս ընկա՜ր, լի՛րբ ապըստամբ.
Ոռնաց Գելը կատաղությամբ։
— Հա՛յ անըզգամ, չարալեզու,
Ո՜նց թե Կըկվին ասել ես դու,
Թե ես կացին չունեմ սըրա՜ծ…
180 Կացին չունե՞մ… դե հիմի կա՜ց…

203