Ի՜նչ լավ դար ա,
Ի՜նչ լավ սար ա։
|
|
Հավերը կչկչում են, բադերը կռկռում ու ճղղում, խոզերը մրթմրթում զարմացած և վախեցած, և այլն, և այլն։ Էշերը պոչները տնկած, դրոշակ արած վազվզում են դես ու դեն ու զռռում—ուռա՜, ուռա՜… Երգ, աղմուկ, իրարանցում՝ մոտ ու հեռու։
(Օրկեստր ու երգ)։
Էս ժամանակ ոմանք պատմում են աղվեսից՝ թե մեր գիտցած աղվեսն է դա։
(Պատմություններ)։
Հետզհետե հեռու աղմուկը սաստկանում է ու մոտենում։ Իրար ետևից ծանր ու հանդիսավոր բերում են դրոշակներ լոզունգներով ու պլակատներ—
— Կորչի՛ մահապատիժը,
— Կեցցե՛ ազատությունը,
— Կորչի՛ բռնակալությունը,
— Կեցցե՛ եղբայրությունը,
հավասարությունը…
Հայտնվում է և ինքը— Աղվեսը։
— Նա ինքն է— ես հիշում եմ.
«Կեցցե» և աղմուկ։
Բարձրանում է իշի մեջքին ու բռնում կողքի լապտերի սյունից։
— Կեցցե՜…
— Սը՜սս…
(Քեզ ասում եմ լռիր գոռում է մեկին ու մյուսին…)
Հավը — Դա ի՞նչ նոր գել է,
Որ խոսելն էլ տի արգելե…
Զարհուրելի գիլից պրծանք
Հիմի էլ ընդհանուրին գերի դարձա՞նք…
— Դու ընդհանուրին գե՞լ ես կանչում—
Հե՜յ, լսեցե՜ք…
Սա ձեզ գել է անվանում։
(Աղմուկ, շփոթ, զայրույթ և այլն)
215