Եվ խայտաճամուկ միմոսի շորով՝ Կեսարի կանչին
Լաբերիոսն ահա կանգնեց կըրկեսում, Հռոմի առաջին։
Թընդաց Հըռոմը, և աթոռներից վեր կացան հանկարծ
Ազնըվականներն ու ժողովուրդը ահից սարսափած.
5
Ու դըղըրդացին արձակ կըրկեսում շըփոթ ու շըշունջ,
Հազիվ լըսելի խառնակ աղաղակ ու դըժգոհ տըրտունջ.
«Լաբերիոսն այստե՞ղ… և ինչպես միմո՞ս… Այստեղ օրենքով
Գերիներն իրենց կուռ շըղթաների շըռընչյուններով,
Սըրի շաչյունով անմահ Հըռոմի հըրճվանքի համար
10
Ճըգնում են ըմբշի և կամ միմոսի պըսակ ստանալ…
Լաբերիոսն այստե՞ղ… բայց չի մոռացել Հըռոմը նըրան.
Հին քաղաքացի, ծեր, հըռչակավոր պոետ աննըման,
Եվ արդ, կըրկեսում, ամբոխի առջև այսպես նա կանգնած,
Լուռ ու գըլխակոր գետնին է նայում ամոթից շիկնած…»
15
Եվ տըրտունջների ձայներն անորոշ նըրան են հասնում.
Բայց իր աչքերը Հըռոմի վըրա նա չի կամենում
Բարձրացրնել այժմ՝ նըրա բացահայտ վըճռի ժամանակ.
Եվ անարգանքին ինքնաբավական հայացքով մենակ
Կեսարն է նայում։ Նըշան տըվավ նա հրամայող ձեռքով։