Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/237

Այս էջը հաստատված է



20 Լըռեց վերըստին հըպարտ Հըռոմը։ Գետնակոր գըլխով,
Ինչպես աղոթող ծանըր փորձանքի ահավոր ժամին,
Կանգնած է հուզված հանդիսի առջև երգիչ ծերունին։
Բայց դեմքը ահա առաջվա նըման փայլեցավ վառ-վառ,
Մըռայլ ճակատը դարձավ վերըստին հանգիստ ու պայծառ,
25 Խոհուն աչքերը դըժգոհ ժողովին նայեցին կըրկին,
Ու նորից երգի, բանաստեղծության համարձակ հոգին
Հասավ պոետին, սիրտ տըվավ նըրան։ Նա զըվարթացավ,
Պաղ-պաղ սարսուռը սըրտիցը մինչև մատները անցավ…
Այլակերպված է նա բոլորովին։ Մի ակընթարթում
30 Նա ոգևորվեց։ Վառված աչքերը կըրակ են ցայտում։
Ընկճող հայացքով իր շուրջն է նայում։ Տարածեց ահա
Անզուսպ խըռովքից դողացող աջը քընարի վըրա…
Ժողովը լուռ է։ Բոլոր աչքերը խոնարհած են ցած։
Ազնըվականները մըթին գիշերից մըռայլ են նստած,
35 Եվ ասպետները նըստած են խըրոխտ դեմքով կընճռալի.
Ուրախությունից փայլում է դեմքը ահեղ տիրողի։
Նոր նըշան տըվավ։ Եվ ահա երկչոտ ու անհամարձակ
Բարձրացավ ձայնը… ծերի դողդոջուն, չոր մատների տակ
Գովված քընարի ոսկի լարերը հընչեցին հանկարծ.
40 Խորին լռության ժամին առաջին երգը որոտաց։
Եվ սթափվեցավ Հըռոմը նորից․ մարդիկ շարժվեցին.
Եվ աշխատում են պարզորոշ լըսել զայրացած երգչին։
Իսկ ալևորը, անխիղճ անպատված հին քաղաքացին,
Տակավին հըպարտ, արհամարհանքով նայում է Հռոմին։
45 Նա երգում է անբավ փառքը, մեծությունը Կեսարի,
Բարձըր խելքն ու տերությունը, իշխանությունը բարի։
Երգում է փայլը նրա հաղթության և մաղթում է կյանք
Եվ ուղարկում է հըզոր Կեսարին հարգ ու մեծարանք։
Փառաբանում է նա ճոխությունը ու փառքը Հռոմի,
50 Եվ աղաչում է, որ բաժին անեն… խինդը միմոսի…
Թախանձում է նա, որ ողջ մըտածեն, ինչպես որ ինքը,
Կեսարի շըրթան վըրա ճանաչեն իրենց օրենքը,
Որ հին օրերի ազատ երգերը ընդմիշտ լըռեին,

231