Իմ սիրելիք, երբ կըմեռնեմ,
Շիրմիս տընկեք լացող ուռի,
Նըրա դալուկն ես կըսիրեմ,
Ու սաղարթը թախիծով լի։
5
Նրա շուքը թեթև կըգա
Իմ հանգստյան հողի վըրա։
Մի երեկո մենակ էինք։ Նստած էի իր կողքին։
Նա, գլուխը թեքած դեպ ինձ ու անձնատուր ցընորքին,
Սահեցնում էր դաշնամուրին թաթը ճերմակ, ձյունի պես.
10
Թևի փափուկ հարված էր էն, հովի շըշուկ էր, ասես,
Որ վախում է՝ չըզարթեցնի անուշ քընած հավքերին,
Ու անցնում է եղեգնուտով թեթևասահ ու լըռին։
Մելամաղձոտ գիշերների տաք հեշտանքներ ու տենչեր
Ելնում էին ծաղիկների բաժակներից դեպի վեր.
15
Շագանակի պուրակները ու կաղնիներն ալևոր
Թախծում էին գլուխները տատանելով մեղմօրոր։
Լըսում էինք մենք գիշերին։ Պատուհանը կիսաբաց.
Ներս էր հոսում զով գիշերը գարնան բույրով արբեցած։
Դաշտն ամայի, դուրսը հանդարտ, հանդարտ էնքա՜ն ու էնքա՜ն։