պոզիայում՝ սկսած X դարից, քառյակը ամենից սիրված ու տարածված ժանրային ձևերից մեկն է եղել։ Ռուբայի, բայաթի և այլ անվանումներով քառյակի ժանրն ակտիվորեն «գործել է» պարսկերեն, արաբերեն, թուրքերեն լեզուներով գրականությունների մեջ։ Ինչպես երևում է Նվարդ Թումանյանի գրի առած զրույցներից, հայ բանաստեղծը լավ գիտեր գրական այդ ավանդույթը և հատկապես բարձր էր գնահատում Օմար Խայամին, որի մեջ նա տեսնում էր կենսական և իմաստասիրական ամենաբարդ խնդիրներ փոքրածավալ բանաստեղծական ժանրի մեջ ընդգրկելու փայլուն օրինակ։ Արևելքի այդ մեծ բանաստեղծի մոտիվների ներշնչմամբ է գրված Թումանյանի քառյակներից մեկը՝ «Խայամն ասավ իր սիրուհուն» սկսվածքով։ Նա ծանոթ էր նաև արևելյան ուրիշ բանաստեղծների ռուբայիներին ու բայաթիներին, իսկ Խաքանուց թարգմանել է վեց քառյակ։
Քառյակի ժանրին դիմելիս Թումանյանը հենվում էր նաև ազգային գրական ավանդույթների վրա։ Այն լայն և բազմակողմանի հետաքրքրության մեջ, որ տածում էր բանաստեղծը դեպի հայ միջնադարյան գրականությունը և ժողովրդական բանահյուսությունը, ուրույն տեղ ունեին նաև քառատող չափով հորինված բանաստեղծությունները՝ հայրեններ, խաղիկներ, կաֆաներ, բայաթիներ։ Իրենց նշանակությամբ առանձնանում են Քուչակին վերագրված հայրենները, որոնք Ա. Տևկանցի և հատկապես Ա. Չոպանյանի հրապարակումներից հետո դարասկզբին համընդհանուր հետաքրքրություն էին առաջացրել։ Թումանյանի «Նաղաշ Հովնաթանը և նրա, Քուչակ Նահապետի և Սայաթ-Նովայի սերը» ուսումնասիրության մեջ (մամուլում տպագրված 1911 թվականին, առանձին գրքույկով՝ 1916-ին) երևում է նաև հայրենների բնագրերի և էության շատ խոր իմացություն։
Պետք է ավելացնեի որ դարասկզբին, զգալի չափով հենց միջնադարյան արևելյան և հայկական քառյակների տպավորությամբ ու ներշնչմամբ, մեզանում շատերն էին փորձում իրենց ուժերը այդ ժանրի մեջ։ Այսպես, Թումանյանի քառյակների գրքույկի հետ նույն տարում՝ 1920 թվականին լույս տեսավ նաև Դ. Դեմիրճյանի քառյակների ժողովածուն՝ «Գարուն» վերնագրով։ Զրույցներից մեկի ժամանակ Թումանյանը նույնիսկ ասել է, թե մեզանում «քառյակներ գրելը համաճարակ է դարձել» (նույն տեղում, էջ 221)։ Իր քառյակների հրապարակումով Թումանյանը ստվերի տակ թողեց այդ ժանրով գրող ժամանակակից բանաստեղծներին, դարձավ այդ ժանրի խոշորագույն դեմքը հայ նոր գրականության մեջ։ Նրան հաջորդած հայ բանաստեղծներից Եղիշե Չարենցն է միայն, որ 1926 և մանավանդ 1933 թվականին գրած նշանավոր ռուբայիներով իրավունք նվաճեց կանգնելու Թումանյան-քառյակագրի կողքին։
Թումանյանը ստեղծագործաբար շարունակեց արևելյան ռուբայաթի թեմատիկ բովանդակության բնորոշ գծերը։ Քառյակը նրա գրչի տակ ևս նախ և առաջ խոհական-փիլիսոփայական ժանր է՝ հագեցած խորհրդածություններով աշխարհի և կյանքի, մարդու կոչման և հեռանկարների