անդրադարձել է իր ժամանակի կյանքի և ընդհանրապես մարդկային կեցության բազմազան կողմերի, բայց դրանք միշտ չէ, որ հստակորեն սահմանազատվում են։ Միևնույն քառյակի մեջ հաճախ միաձուլվում են տարբեր մոտիվներ։ Առավել ևս դժվար է դրանք առանձնացնել ժամանակագրական առումով։ Թումանյանն իր քառյակները թեմատիկ շարքերի չի բաժանել, այլ գրել է խառը կարգով, որպես իր «հոգու կենսագրության» բնական ընթացքի բանաստեղծական արձագանք։ Եվ, այնուամենայնիվ, ուշադիր ընթերցանության դեպքում քառյակների մեջ կարելի է նկատել թեմատիկ մի քանի շերտ։ Դրանց առանձնացումը, որն, իհարկե, շատ կողմերով պայմանական է, օգնում է ավելի լավ պատկերացնելու բանաստեղծական խոհի և հույզի զարգացման դիալեկտիկ ընթացքը, կենսական և իմաստասիրական հարցերի բացառիկ լայնությունն ու լրիվությունը՝ արտահայտված «փոքր ժանրի» նեղ շրջանակներում։
Ամենից առաջ, պետք է առանձնացնել այն քառյակները, որոնց կենսական հիմքը այդ տարիներին բանաստեղծի կրած անհատական ծանր կորուստներն են եղել։ Ինչպես երևում է Թումանյանի հիշյալ գրառումներից, հենց այղ կորուստներն էին (եղբայրների և որդու զոհվելը), որ մղեցին նրան իր վիշտն ու խոհերն արտահայտելու հատկապես քառյակ– բայաթու խտացված, տարողունակ տողերի մեջ։ Սակայն դա միայն ելակետն էր։ Բանաստեղծը միշտ բարձրանում է սեփական ցավի ու կորստյան անմիջական ազդեցությունից, հասնում մարդկային վշտի ու տառապանքի ընդհանրացված բացահայտման։ Այդ քառյակներից են՝ «Ուր կորան…», «Ե՛տ չեկա՛վ…», «Քանի՛ մահ կա իմ սրտում…» «Մեռա՛ն, մեռա՛ն… Եվ ահա…», «Կորցըրել եմ, ուր գըտնեմ…» և մի քանի ուրիշներ։
Թումանյանի ստեղծագործական կենսագրության հետաքրքիր մի փաստ է այն, որ 1920 թ. «Քառյակներ» ժողովածուն նա բացում էր դրանից ճիշտ 30 տարի առաջ՝ 1890 Թ. գրած «Հառաչանք» պոեմի նախնական տարբերակից վերցրած երկու քաոատողերով («Ա՛նց կացա՛ն…», «Վերջացա՜վ…» սկսվածքներով), որոնք մինչ այդ մնացել էին անտիպ։ Ինչպես ցուլց է տալիս պահպանված սևագիր հատվածը (տե՛ս ՈԻՀ2, էջ 207), պոեմում այդ քառյակները ծեր այգեպանն է երգում իբրև իր սպառվող կյանքի և կրած տառապանքների արտահայտություն։ Երեք տասնամյակ անց Թումանյանը, կարծեք, «յուրացնում է» իր իսկ ստեղծած հերոսի վիշտն ու տվայտանքը՝ վերացնելով օբյեկտիվ կերպարի և քնարական ես-ի ապրումների միջև եղած սահմանները։ Այստեղ մի տեսակ կրկնվում էր այն հոգեբանական իրադրությունը, որը ժամանակին արտահայտվել է «Հին օրհնության» հայտնի խոսքերում. «Զեզ տանջող ցավր մե՛զ էլ է պատել»։
Անձնական վշտի և շրջապատի մարդկանց տառապանքի միասնության գիտակցությունը օգնում է գնալու դեպի մեծ ընդհանրացումներ։