Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/515

Այս էջը հաստատված է

Բանաստեղծն սրտի մեջ զգում Է հանրության, ժողովրդի վշտերի ամբողջ ծանրությունն ու խորությունը և կոչում արտահայտնլու դրանք իր երգերում.

Ամեն մի սիրտ ցավով լըցվեց մեր դարում.
Ցավոտ սըրտով աշխարհ լցվեց մեր դարում.
Ցավոտ աշխարհքն եկավ լըցվեց բովանդակ
Իմ սիրտը բաց, իմ սիրտը մեծ մեր դարում։


Երկրորդ խումբը կազմում են այն քառյակները, որոնց մեջ բանաստեղծը հիշում Է իր մանկության անցքերն ու վայրերը, պոեմի խոսքերով ասած՝ «երջանիկ օրեր, սիրելի դեմքեր, որ հիմի չկան»; Սակայն, քառյակի ժանրային բնույթին համապատասխան, այդ մոտիվները վերանում են առարկայական կոնկրետությունից, արտահայտվում կարոտի եւ ափսոսանքի խորհրդանիշ դարձած պատկերներով։ Դրանք մերթ հայրենի ծղրիդներն են («Հիմի բացե՛լ են հանդես…», հանդերում ճախրող կամ մոլոր նստած արտուտները («Կըլթացնում են, արտորում…», «Աշնան ամպին ու զամպին…»), հիշողությունից չհեռացող վիրավոր հավքը («Մի հավք զարկի ես մի օր…»), մերթ Էլ անտես ձեռքերով իրենց գիրկը կանչող հարազատ անտառները («Ո՛վ Է ձեռքով անում, ով…»)։ Բանաստեղծի «սուր, արթուն ականջում» միշտ հնչում Է «անհուն, անքուն կարոտի» մի ձայն, և նա անձկությամբ հետ Է կանչում «անցած օրեր, խինդ ու սեր»։ Իսկ նրանց վերադարձի անհնարինության ըմբռնումից Էլ ծնվում են հոգու անփարատ վիշտ ու տառապանք։

Հայրենի տան, վաղեմի պատկերների կարոտն ու երազանքը Թումանյանի պոեզիայի առանցքային մոտիվներից մեկն Է, որն սկսվում Է վաղ տարիներից (հիշենք 1890 թ. դրած «նախերգանքը», որ բանաստեղծը դնում Էր իր բոլոր ժողովածուների սկզբում) և հասնում մինչև այս քառյակները։ Դեռ բանաստեղծի կենդանության ժամանակ սա հիմք տվեց քննադատությանը (Ա. Տերտերյան) Թումանյանին բնորոշելու իբրև «հայրենի եզերքի քնարերգու»։ Դա նեղ աշխարհագրական հասկացություն չէր, այլ ուներ հոգևոր ապաստարանի, բարոյագեղագիտական բարձր իդեալի նշանակություն։ Քառյակներում հայրենի եզերքի իմաստն աստիճանաբար ընդլայնվում է հասնելով Արևելքի, իբրև լույսի և բարության ակունքի, ըմբռնման, Երազելով «Արևելքի եդեմներն» ու «հեքիաթական պալատները», բանաստեղծն անձկությամբ ու կարոտով բացականչում է. «Ա՛խ, թե նորից գըտնեմ ճամփան դեպի էնտե ղ, դեպի տո՛ւն…»։ Մի ուրիշ քառյակում Արևմուտքից եկող «արյունալի աղետներին» և «հոգու անապատին» հակադըրվում է «Արևելքն աստվածային—հայրենիքը իմ հոգու»։ Արևելքի պատկերը, այսպիսով, ներկայանում է իբրև գեղագիտական բարձր չափանիշ, որի օգնությամբ բանաստեղծը ձգտում է հաղթահարել հասարակական և անհատական կյանքի ողբերգական հակասությունները, հասնել «մեր հոգու