I
1890
«Ա՜ՆՑ ԿԱՑԱ՜Ն…»
(էջ 7)
Գրված է 1890 թվականին։ «Հառաչանք» պոեմի հատվածներից է, որ բանաստեղծը հետագայում հրատարակել է որպես առանձին քառյակ:
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի №3 պահվում է պոեմի նախնական գրառումներից մեկը (հրատարակված՝ Թումանյան. Ուսումնասիրություններ և հրապարակումներ 2-րդ հատորում, էջ 205—207), որի մեջ կա նաև այս քառյակը։ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի №101 պահվում է մեկ ինքնագիր, որի տակ Թումանյանը գրել է «Հառաչանքից»։ Բացի սրանցից, Թումանյանի ընտանիքի արխիվում Նվարդ Թումանյանի ալբոմում պահվում է ևս երկու ինքնագիր, որոնցից մեկը՝ «Հառաչանքից» վերնագրով։ Նույն տեղում (№ 57) պահվում է Աշխեն Թումանյանի ձեռքով արտագրած քառյակաշարը, որն սկսվում է այս քառյակով։ Առաջին անգամ տպագրվել է 1917 թվականին Բաքվում լույս տեսած Գործ ամսագրի № 11—12-ի 38-րդ էջում, այնուհետև, տողատակի «Հառաչանքից» նշումով՝ Թիֆլիսում 1920 թվականին լույս տեսած Քառյակներ շարքի 1-ին էջում, Սուրխաթյան Գրական գոհարներ քրեստոմատիայի 498-րդ էջում, ապա՝ Հովհաննես Թւմանյան Երկերի ժողովածուի 1-ին հատորի 203-րդ էջում։ Արտատպվում է Սուրխաթյան Գրական գոհարներ քրեստոմատիայից:
«ՎԵՐՋԱՑԱ՜Վ…»
(էջ 8)
Գրված Է 1890 թվականին։ «Հառաչանք» պոեմի հատվածներից է, որ բանաստեղծը հետագայում հրատարակել է որպես առանձին քառյակ (տե՛ս «Ա՛նց կացա՛ն…» քառյակի ծանոթագրությունը): Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի № 102 պահվում է երկու ինքնագիր, որոնցից մեկի տակ գրված է՝ «Հառաչանքից»: Թումանյանի ընտանիքի արխիվում պահվում է ևս երկու ինքնագիր, որոնցից մեկը՝ Նվարդի ալբոմում: Առաջին անգամ տողատակի «Հառաչանքից» նշումով տպագրվել է Թիֆլիսում 1920 թվականին լույս տեսած Քառյակներ շարքի 2-րդ էջում, այնուհետև՝ Հովհաննես Թումանյան Երկերի ժողովածուի 1-ին հատորի 203-րդ էջում։ Արտատպվում է Թիֆլիսում 1920 թվականին լույս տեսած Քառյակներ շարքից։