Ակունքը ժողովրդական է։ Թումանյանը լսել է Լոռում, իր քեռի Իսայուց (տե՛ս «Իմ մի քանի գրվածքների բացատրությունը, 1969 թվականին Երևանում լույս տեսած «Թումանյան. Ուսումնասիրություններ և հրապարակումներ» ժողովածուի 2-րդ հատորի 420-րդ էջ)։
Ինչպես վկայում է Ան․ Աբովյանը, բանաստեղծն այս բալլադը գրել է Ներսիսյան դպրոցը թողնելուց հետո՝ 1886 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին (տե՛ս Ան․ Աբովյան, Իմ հուշատետրը, էջ 19, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, «Հայ հեղինակներին վերաբերող հուշեր, № 11»)։
Ամբողջական ինքնագիրը մեզ չի հասել։
Թումանյանի ընտանիքի արխիվում պահվում է մի սևագիր հատված, որ հետագա մշակման փորձերից է (առաջին անգամ հրատարակել է Ա․ Ինճիկյանը․ տե՛ս 1964 թվականին Երևանում հրապարակված «Թումանյան. Ուսումնասիրություններ և հրապարակումներ» ժողովածուի 1-ին հատորի 289-290-րդ էջեր)։
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի № 1355-ում պահվում է 1908 թվականին Բաքվում լույս տեսած «Բանաստեղծություններ» շարքի հեղինակի սեփական օրինակը, որտեղ Թումանյանն օժանդակ բայերի բարբառային ձևերը փոխել է գրականի։
Թումանյանի ընտանիքի արխիվում պահվում է1908 թվականին Բաքվում լույս տեսած «Բանաստեղծություններ» շարքի մեկ ուրիշ և 1908 թվականին «Լուսաբեր» դասագրքի Բ տարի Թումանյանի սեփական օրինակները, հեղինակի որոշ ուղղումներով։
Առհասարակ, շուրջ երեսուն տարի, ժամանակ առ ժամանակ Թումանյանն անդրադարձել է այս երկրին, կատարել փոփոխություններ և շտկումներ։
1889 թվականին Ավ․ Արասխանյանը հրաժարվել է «Շունն ու կատուն» տպագրել «Մուրճ» ամսագրում։ Այդ մասին Թումանյանը 1916 թվականին Ց․ Խանզադյանին հղած նամակում գրում է․ «Շունն ու կատուն» եթե իմ առաջին գրքում (Մոսկվայի) չկա՝ պատճառը հանգուցյալ Արասխանյանի զարմանքն է, որ նա հայտնեց ինձ 1889 թվականին, երբ տարա նոր «Մուրճում» տպագրելու։ Կարդաց, շատ զարմացավ և հարցրեց, թե՝ ասացեք խնդրեմ՝ Շուն ու Կատու և բանաստեղծություն, սրանք ինչ կապ ունեն իրար հետ, էն էլ էս տեսակ վայրենի լեզվով․․․» (Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի 5-րդ հատոր, էջ 415-416)։
Առաջին անգամ «ժողովրդական ավանդություն» ենթավերնագրով