Առաջին անգամ «Ժողովրդական ավանդություն» ենթավերնագրով տպագրվել է ԱՄ, №54, էջ 19-20, այնուհետև՝ ԲԹ, էջ 62-63, ԹԼ, էջ 18-19, ԲԲ, էջ 81-82, ԲՊ, էջ 85-86, ապա՝ ԵԺ1, 286-289։
Արտատպվում է ԲՊ-ից։
17-18-րդ տողերը տպագրվում են ըստ ԲԲ-ի, քանի որ ԲՊ-ի մեջ դրանք տպագրության ժամանակ աղճատվել են և դարձել մեկ տող։
Ակունքը ժողովրդական է։ Թումանյանը լսել է Շուլավերում։ Այդ մասին վկայում է Մովսես Միրզոյանը՝ 1936 թ․ մարտի 23-ին Նվարդ Թումանյանին հղած նամակում (պահվում է ԹԸԱ)։ Ըստ այդ վկայության, լեգենդը Թումանյանին պատմել է Մովսես Միրզոյանի ավագ եղբայր Բաղդասարը, նա մեջ է բերում ժողովրդական տարբերակի համառոտ բովանդակությունը․ «Երկու հոտաղ մի խիստ մաճկալ են ունեցել․ սա հոտաղներին սաստել էր, թե՝ մեր այսօրվա միջավայրը մեծ է․ այսինչ աստղը երևալուն պես լծկանը բերեք գութանի մոտ։ Այնինչ այդ գիշեր հոտաղները եզը կորցնում են, մինչև լույս ման են գալի, իրար ձայն են տալիս․-Պողո՛ս, գտա՞ր,-Չէ՛, Պետրո՛ս, գտա՞ր-Չէ՛, և այն օրից, երբ առավոտը դեռ չբացված, այդ տոնով ղուշը կանչում է, միշտ ասում են․«Եզնարածի ղուշը կանչում է»։ Մովսես Միրզոյանն ավելացնում է, թե Թումանյանը գրելիս փոխել է։ Ա․ Ինճիկյանը ենթադրում է,որ բանաստեղծը ունեցել է մեզ անծանոթ մի այլ տարբերակ ևս (տե՛ս Ա․ Ինճիկյան, Հովհաննես Թումանյան, էջ 495-496)։
Գրված է 1898 թ․ ամռանը։ Այդ մասին տեղեկանում ենք Թումանյանի՝ 1898 թ․ օգոստոսին Շուլավերից Արիստակես Զարգարյանին հղած նամակից, որի մեջ «Պողոս-Պետրոսի» և «Անիծած հարսի» մասին գրում է․ «Այստեղ կամաց-կամաց էլ պարապում եմ - մի քանի բան եմ գրել, որոնցից երկուսը ժողովրդական բաներ են, որ դուք կհավանեք» (ԵԺ5,142)։
Ինքնագիրը չի պահպանվել։ ԳԱԹ ԹՖ № 1355 պահվում է ԲԲ-ի՝ հեղինակի սեփական օրինակը, որտեղ Թումանյանը կատարել է մեկ ուղղում։
Առաջին անգամ տպագրվել է ԲԹ, էջ 64-67, այնուհետև՝ ԹԼ, էջ 20-23, ԲԲ, էջ 83-86, Լ11, 1908, ԲՊ, էջ 87-90, ապա՝ ԵԺ1, 285-287։
Արտատպվում է ԲՊ-ից։