Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/564

Այս էջը հաստատված է

1901 թվականի հուլիսի 2֊ին բանաստեղծի՝ Մարիամ Թումանյանին հղած նամակից. «…Անցյալ գիշեր Ղըրխքեսալովը (Ձեզ հայտնի Կիրքեսալովը) մի լավ լեգենդ պատմեց — արդեն գրել եմ։ Գիտեք, երբ որ մարդ առողջ է, շուտ է տպավորվում և հեշտ էլ գրում» (ԵժV, 182)։

Լեգենդի մասին Թումանյանը խոսում է նաև Ավ. Իսահակյանին գրած 1902 թվականի նոյեմբերի 9֊ի նամակում. «Ահարոնյանը ոտանավոր է ուզել «Մուրճի» համար։ Այս օրերս մի բան եմ ուղարկելու և այն էլ լեգենդ… Երևի հիշում ես անցյալ տարվա պատմությունները…» (նամակն առանց հրապարակվող պատառիկի տե՛ս ԵԺV, 245-246)։ Ներկայացված հատվածն անտիպ է. ինքնագիրը պահվում է ԳԱԹ Թֆ֊ում)։

Առաջին անգամ «Լեգենդա» ենթավերնագրով տպագրվել է Մճ, 1902, №12, էջ 35-37. «Հոգեհան» բառի մասին հեղինակի հետևյալ ծանոթագրությամբ. «Մի բարձրություն է Ախալցխայի և Ուրավելի մեջտեղը։ Վրացիք ասում են «Սուլթմեդիա» — հոգին դուրս եկավ, իսկ թուրքերը՝ «օղլան փաթրալան — տղա ճաքեցնող»։ Նույն տեղում Թումանյանը բացատրում է նաև, թե որն է Փոցխովի ձորը, գրելով՝ «Ախալցխայի ձորն է»։ Տպագրության վերջում նշված է՝ դեկտեմբեր։ Թերևս բանաստեղծն այդ ժամանակ է վերջնականապես ավարտել բալլադի մշակումը։ Այնուհետև՝ ԵԺ1, 299-300։

Հետագայում Թումանյանի ոչ մի ժողովածուի մեջ չի մտել և որևէ փոփոխության չի ենթարկվել։

Արտատպվում է Մճ-ից։


1902


ՓԱՐՎԱՆԱ

(«Բարձագահ Աբուլն ու Մըթին սարեր») (էջ 121, 385)

Ակունքը ժողովրդական է։ Թումանյանն առաջին անգամ լսել է Ներսիսյան դպրոցի իր նախկին դասընկեր, հետագայում մանկավարժ և լեզվաբան Գր. Վանցյանից։ «Գրիգորն է լսել Ախալքալաք, — գրում է բանաստեղծը ԹԸԱ № 3 ծոցատետրում։ — Փարվանա (կրակի թիթեռ)։ Թագավորը մի աղջիկ է ունենում, ասում է՝ ով որ կրակ բերի, նրան կտամ։ Գալիս է կրակի շուրջը պտտվում, որ կրակ տանի և միշտ ընկնում է մեջն այրվում» (տե՛ս ՈԻՀ2, էջ 420, 459)։

Ընկերոջ պատմածը լսելուց հետո Թումանյանն այցելել է Փարվանա լիճը, նրա մոտակա գյուղերը և այստեղ, հավանորեն, նույն ավանդությունը լսել նաև ուրիշներից։ Այս մասին հետաքրքիր տեղեկություն է հաղորդում