Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/581

Այս էջը հաստատված է
ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎ
ՓՈԽԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԹՈԻՄԱՆՅԱՆԸ՝ ԹԱՐԳՄԱՆԻՉ

Գեղարվեստական թարգմանությունները Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգության մեջ կարևոր տեղ են գրավում։ Սկսած 1880-ական թվականներից մինչև կյանքի վերջը՝ ավելի քան երեսուն տարի, մեծ կամ փոքր հաճախականությամբ, նա զբաղվել է չափածո և արձակ թարգմանություններով։ Մեզ հասած ամենավաղ թումանյանական թարգմանությունը Մ. Յու. Լերմոնտովի «Իղձ» («Желание») բանաստեղծության փոխագրությունն է՝ կատարված 1889 թ., իսկ ամենավերջինը՝ Խաքանիի վեց քառյակները, որ թարգմանվել են 1922 թ. հուլիսին։ Այդ բավական երկար ժամանակաշրջանում Թումանյանն ընդհանուր առմամբ ուրիշ ժողովուրդների պոեզիայից թարգմանել է շուրջ 80 ստեղծագործություն, որոնց թվում կան բանաստեղծություններ և մանկական ոտանավորներ, պոեմներ և բալլադներ, ժողովրդական վիպերգության նմուշներ։ Քանակով ոչ այնքան շատ, բայց ինչպես ժանրային կազմով, այնպես էլ իրենց «աշխարհագրությամբ» բավական բազմազան այդ երկերը մեծ մասամբ տպագրվել են բանաստեղծի կենդանության ժամանակ՝ պարբերական մամուլում, ժողովածուների և դասագրքերի մեջ։

Թե ինչպիսի նշանակություն էր տալիս Թումանյանն իր չափածո թարգմանություններին, երևում է նրանից, որ նա դրանց միշտ տեղ է հատկացրել (երբեմն բավական ընդարձակ) իր բոլոր բանաստեղծական ժողովածուների մեջ։ Բայց եթե 1890 և 1892 թթ. Մոսկվայում հրատարակված հատորյակներում եղած հատուկենտ թարգմանությունները (Պուշկինից, Լերմոնտովից, ժուկովսկուց և այլն) տեղ են գտել այդ գրքերի տարբեր մասերում, ինքնուրույն բանաստեղծությունների կողքին խառը կարգով, ապա հետագայում թարգմանություններն առանձնացվում են հատուկ բաժինների մեջ։ Այսպես, Թիֆլիսի 1903 թ.«Բանաստեղծություններ» ժողովածուի 300 էջից 80-ը հատկացված է թարգմանություններին։ Բավական ընդարձակ է թարգմանությունների բաժինը նաև Բաքվի 1908 թ. (69 էջ) և Կ. Պոլսի 1922 թ. (50 էջ) «Բանաստեղծություններ» ժողովածուների մեջ։

575