Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/592

Այս էջը հաստատված է

բարելավվել։ Դրանցից է, օրինակ, անհայտ հեղինակի «Դեցիմ Լաբերիոս» բանաստեղծությունը, որի սկզբնաղբյուրի հարցն առայժմ մնում է չպարզաբանված: Հատկապես շատ փոփոխությունների են ենթարկվել վաղ տարիներին թարգմանած պոեմները, որոնք շուտով արդեն իրենց մակարդակով չբավարարեցին Թումանյանին։ Հետագայում նա դրանց մեջ մտցրել է էական փոփոխություններ, երբեմն նաև բավական մեծ կրճատումներ։ Օրինակ, Ժուկովսկու «Աքիլլեսի» թարգմանության հաջորդ տպագրություններում կրճատել է մոտ 50 տող, իսկ Բայրոնի «Շիլիոնի կալանավորի» մեջ՝ 100 տող (մեծ մասամբ ամբողջական հատվածներ)։ Այդպիսի դեպքերում Թումանյանը ղեկավարվել է ստեղծագործության գեղարվեստական ամբողջականության ու սեղմության սեփական ըմբռնումներով։ Առաջին տպագրությունից հետո շատ փոփոխություններ են մտցվել նաև Լերմոնտովի «Մծիրի» պոեմի թարգմանության մեջ, բայց մինչև վերջ էլ Թումանյանը լրիվ բավարարված չէր արդյունքներով և մտածում էր նորից անդրադառնալ այդ թարգմանությանը (տե՛ս Նվարդ Թումանյան, էջ 239)։

Թումանյանի չափածո և արձակ գեղարվեստական թարգմանությունները ցույց են տալիս, որ այդ հարցում ևս նա ղեկավարվել է ստեղծագործական հստակ և կայուն սկզբունքներով։ Նրանց հետևողական կիրառության շնորհիվ Թումանյանը հայ գրականությունը հարստացրեց այնպիսի կատարյալ ու բարձրարժեք թարգմանություններով, որոնք մեկընդմիշտ մտել են մեր ժողովրդի գեղարվեստական գիտակցության մեջ։