Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/100

Այս էջը հաստատված է

370 Հարա՜յ են տալի — «քաշի՜ հա, քաշի՜…»
Ու դուրս քաշեցին զոռով երկուսին.
Մինը մեր Սարոն, իսկ մյուսն Անուշի
Անդրանիկ եղբայր գառնարած Մոսին։
Ողջ գյուղը կանգնեց պարըսպի նման,
Ջոկվեց, բաժանվեց երկու բանակի,
Ամեն մի բանակն ընտրեց փահլևան,
Կանգնեց թիկունքին տըղերանց մեկի։
  Գոռում են, գոչում երկու բանակից․
— Սըրտապինդ կացեք, մի՛ վախեք, տըղե՛րք,
380 Իսկ նորեկ հարսի փարդի քամակից
Նայում են կանգնած հարսն ու աղջըկերք։
Ու տաքանում են տըղերքը սաստիկ,
Փեշերը հավաք խըրում են գոտին,
Գետին են զարկում ձեռքերը հաստլիկ,
Իրար են հասնում թափով մոլեգին…
  Ադաթ կա սակայն էն մութ ձորերում,
Ու միշտ հընազանդ հընոց ադաթին,
Ամբոխի առջև իգիթն իր օրում
Գետին չի զարկիլ ընկեր իգիթին։
390 Ու իրար բըռնած Սարոն ու Մոսին
Քաշում են, ընկնում խոզապարկուկի.
Ընկնում են գետին, ելնում միասին,
Դըժվար է իբրև հաղթել մեկ մեկի։
Իզուր է գոռում ամբոխը հարբած,
Զուր սըրտատըրոփ նայում աղջիկներ,
Եվ զուր է Անուշն իր շունչը կըտրած,
Սառել ու կանգնել ինչպես մի պատկեր։
Անուշը կանգնա՜ծ… Սարոն նըկատեց,
Թունդ առավ սիրտը ու զարկեց արագ.
400 Աչքերի առջև մըլարը պատեց,
Մոռացավ ընկեր, ադաթ ու աշխարք։
Ու մինչդեռ Մոսին ընկերախաղի,
Կատակի տալով թողած էր իրեն,
Ուժ արավ Սարոն, ծընկեց կատաղի,

94