Գետնեց ընկերին ու չոքեց վըրեն։
Ամբոխը թափվեց հարա-հըրոցով,
Վեր թըռցրեց ջահել փահլևաններին,
Եվ ուրախության աղմուկ-գոռոցով
Հաղթողին փեսի թախտի մոտ բերին։
410
Ցընծության ձայնից, ծափերի զարկից
Շարժվում են, ղոդղում պատեր ու օճորք,
Իսկ նորեկ հարսի փարդի քամակից
Նայում են կանգնած հարսն ու աղջըկերք։
XIII Վեր կացավ Մոսին, իրեն կըտրատում,
— Թող գա՜, գոռում է, որ բըռնենք նորից,
Թե չէ նամարդը, արևս եմ երդվում,
Էլ չի պըրծնելու երբեք իմ ձեռից։
Վե՜ր չի գցել ինձ… ինձ խաբել է նա…
Մեյդան բաց արեք, թող մին էլ մեջ գա…։
420
Ու ամեն կողմից ուրախ հըռհըռում,
Թունալի ծաղրով կանչում են, գոռում.
— Չե՛լավ, էդ չե՛լավ,
Վեր չի գըցել դեռ,
Մոսին թոլ էլավ—
Խոզապարկուկ էր…
Հա՛, հա՛, հա՛, տըղե՛րք,
Շատ էլ լավ կանի.
Մեջքը թա՛փ տըվեք,
Թող մին էլ բըռնի…
430
Հա՛, հա՛, հա՛, տըղերք,
Մեջքը թա՛փ տըվեք…։
XIV Եվ աղմկալի հարսանքի տանից
Դուրս եկավ Մոսին սաստիկ վիրավոր.