Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/103

Այս էջը հաստատված է

Էն ի՞նչ է հապա, որ տեղն ենք մըտնում՝
Հեկեկում ես դու գիշերվա մըթնում.
Էն ի՞նչ է հապա, որ դու երազում
«Սարո ջան, Սարո՜… Սարո» ես ասում…
470 — Մո՛սի ջան, Մո՛սի, գըլխովըդ շուռ գամ,
Ինձ մի՛ ըսպանիր, ինձ թող էս անգամ․
Էլ չեմ սիրիլ ես, երբ դու չես ուզում,
Էլ չեմ կանչիլ ես նըրան երազում…
Ինձ մի՛ ըսպանիր, ղամեդ տար հեռու…
Քու քույրը չե՞մ ես… իմ Մոսին չե՞ս դու…

XVI

  Ու էն հարսանքից թըշնամի դարձան
Ախպեր տըղերքը էս դեպքի համար.
Ընկեր, բարեկամ գընացին, եկան,
Կըրկին հաշտության չեղավ մի հընար։
480 Անկոտրում Մոսին էլ ո՞ր Մոսին էր,
Որ՝ աչքը դեռ բաց, էս լուս աշխարքում,
Իրեն հարազատ քըրոջը տեսներ
Նամարդ ընկերի՝ Սարոյի գըրկում.
Գուցե գիշերս էլ՝ իր հերսից անքուն՝
Ուզում է ջահել քըրոջն ըսպանի,
Սարոյի անունն ու սերը թաքուն
Խանչալի ծերով սըրտիցը հանի։
Ո՜վ գիտի, գուցե հենց էս գիշեր էլ
Իգիթ ոսոխներն, անհաշտ ու համառ,
490 Մեկմեկու հոտից ոչխար են քըշել,
Մեկմեկից վըրեժ առնելու համար։
Կարող է նույնպես պատահել հանկարծ,
Որ մեկի դեզը, արդյունքը հընձի,
Գիշերվա ժամին, հըրով բըռընկված,
Երկնահաս բոցով աստղերը խանձի։

97