Ա՜խ էն կանանչ սարի լանջին
770
Ո՞վ է քընած էն տըղեն,
Վըրեն քաշած սև յափընջին.
Կուռը հանած էն տըղեն․․․
Ջա՜ն, իմ յարն է, ջանի՛ն մեռնեմ,
Ծաղկի հոտով նա հարբել,
Սարի լանջին, հովի միջին
Մուշ-մո՜ւշ, անուշ մըրափել։
Վե՛ր կաց, վե՜ր, իգի՛թ,
Վե՛ր կաց, անիրա՛վ,
Ոչխարըդ բեր կիթ,
780
Օրը ճաշ դառավ․․․
Արի՜, ջա՛ն, արի՜,
Քու գալուն մեռնեմ,
Թուխ չոբան, արի՜,
Կարոտըս առնեմ։
Տեսե՛ք, տեսե՛ք, դափ ու զուռնով
Ի՞նչ հարսնիք է դուրս գալի,
Մարդիկ ուրախ, թոն ու ձյունով
Ձի են խաղում, չափ տալի․․․
Աղջի՛, աղջի՛, մըտիկ արեք,
790
Էս ի՞նչ տեսիլք ես տեսա.
Ո՞վ է տեսել էդպես հարսնիք―
Ո՛չ հարս ունեն, ո՛չ փեսա․․․
Բերում են հըրեն,
Ամա՜ն, մեր տան դեմ․․․
Վե՛ր դըրեք, վըրեն
Հյուսերըս քանդեմ․․․
Ես է՜լ եմ գալիս,
Էդ ու՞ր եք տանում․․․
Ինձ էլ թաղեցեք
800
Իր գերեզմանում․․․