Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/115

Այս էջը հաստատված է

Չըկա՜, չըկա՜ ու չըկա․․․
Վըշվըշում է գետը― վո՜ւշ, վո՜ւշ,
Ու հորձանք է տալիս հորդ,
Ու կանչում է «Արի՜, Անո՛ւշ,
Արի՜, տանեմ յարիդ մոտ․․․»

― Անու՜շ, ա՛յ աղջի՜, Անո՛ւշ, տո՜ւն արի․․․
Կանչում է մերը վերևից, կանչո՜ւմ.
Լո՜ւռ են ձորերը, լո՜ւռ են ահռելի,
840 Դուշման Դեբեդն է մենակ մըռընչում։

Վուշ-վո՜ւշ, Անո՛ւշ, վուշ-վո՜ւշ, քույրի՛կ,
Վո՜ւշ քու սերին, քու յարին․․․
Վուշ-վո՜ւշ, Սարո՛, վուշ-վո՜ւշ, իգի՛թ,
Վո՜ւշ քու սիրած սարերին․․․

XXIX

  Համբարձման գիշեր, էն դյութիչ գիշեր,
Կա հըրաշալի, երջանիկ վայրկյան.
Բացվում են ոսկի երկընքի դըռներ,
Ներքև պապանձվում, լըռում ամեն բան,
Ու աստվածային անհաս խորհըրդով
850 Լըցվում բովանդակ Նըրա սուրբ գըթով։

  Էն վեհ վայրկենին չըքնաղ գիշերի՝
Երկընքի անհո՜ւն, հեռու խորքերից,
Անմուրազ մեռած սիրահարների
Աստղերը թըռած իրար են գալիս,
Գալի՜ս՝ կարոտով մի հեղ համբուրվում
Աշխարհքից հեռո՜ւ, լազուր կամարում։

109