Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/131

Այս էջը հաստատված է


Առանց կորուստի ու առանց վըշտի
Կանգնած էի ես էն երազ հովտում։

    Շուրջըս շուշաններ, անվե՜րջ շուշաններ,
Լիքն էր անտառը անուշ բուրմունքով,
Եվ եդեմական ներդաշնակ ձայներ
Փառք էին տալի թովչական երգով.

    «Փա՜ռք անպատում մըխիթարչին,
Փա՜ռք խորհուրդին անմահության.
Նա է կըրում հույսը վերջին
370 Ու շոգն անշեջ, արարչական.
Փա՜ռք խորհուրդին անմահության։

    Նա գընում է բարձր ու անվերջ
Դեպի անհունն ու հավիտյան,
Վիշտը հանգչում է նըրա մեջ,
Ապրում սերը անապական.
Փա՜ռք խորհուրդին անմահության…»

    Ու լսում եմ ես էն խաղաղ օդում
Քընքույշ ու զըվարթ ձայնը սիրելի,
Անհայտ ու անտես կանչում է նա ինձ,
380 Կանչում գերազանց մի ուրիշ կյանքի.

    «Արի՜ ինձ հետ, իմ թըշվա՛ռ,
Ես քեզ տանեմ մի աշխարհ,
Ուր չըկա մահ, անջատում,
Ու սերն անվե՜րջ, անհատնո՜ւմ…

    Արի՜, թըռի՜ր, գընա՛նք ինձ հետ,
Անցա՜վ, անհո՜գ, անհո՜ւշ, անհե՜տ…»։