Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/170

Այս էջը հաստատված է

Ապա եկավ տերտերը
Խաչ ու ավետարանով,
Օրհնեց օծած բերանով
Կռնաբռնուկ արած
Հարս ու փեսին, և կամաց
Տարավ ժամում կանգնեցրեց,
«Տե՞ր ես, որդյակ», հարցրեց
«Տեր եմ», ասաց մեր Կարոն,
90 Բայց լուռ կանգնած էր Մարոն.
Եվ տերտերը նրան այսպես
Խրատ տվեց - «երբ որ քեզ,
Հնազա՞նդ ես, որդյակ, ասեմ,
Գլուխ կըտաս, դե տեսնեմ».
«Եվ դու, որդյակ, հնազա՞նդ ես»,
Մարոն շարժվեց, «այ, ապրես»։
Մարոյի հայրն էլ ծեսին
Այսպես օրհնեց յուր փեսին–
«Ջաղացիդ միշտ հերթ լինի,
100 Մեջքդ ամուր բերդ լինի…»։
Իսկ երբ հնչեց «տարան հա՜»-ն,
Նրան փեսի տուն տարան։
Պսակեցին Մարոյին,
Տվին չոբան Կարոյին։

VI



Թե գրբացի գիր-ջանքով,
Սրտակտուր բժժանքով
Նրա սիրտը կտրեցին,
Կամ, թե նրա հանդերձին
Այն անհոգի չար ջադուն
110 Քսեց գայլի յուղ թաքուն,
Այդ չիմացավ ոչ ոք պարզ,
Միմիայն փոքրիկ նորահարս
Մարոն ատեց յուր մարդուն,
Փախավ եկավ հորանց տուն: