Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/173

Այս էջը հաստատված է

Այսպես խոսքեր անհոգի.-
«Վաղուց պետք է այս աներ,
Կամ թե իսկի չըծնվեր…»։
Աղի լալիս էր հայրը,
180 Կուրծքը կոծում էր մայրը,
Այնինչ Մարոն պապանձված
Ոչի՜նչ, ոչինչ չըխոսաց.
Մեռա՜վ, գնաց խեղճ Մարոն,
Բայց դեռ ապրում է Կարոն։

X



Սակայն նրա փոքրիկ դին
Պապերի մոտ չրդրին.-
(Մեր տերտերի սուրբ գրքում
Գրած էր, թե նրա հոգում
Չարեր էին բուն դրել…
190 Նաև հաղորդ չէր առել).
Առանց ժամ ու պատարագ
Այն ճյուղաշատ ծառի տակ
Փոս փորեցին մի խորին,
Ամփոփեցին Մարոյին,
Այս լեռ քարն էլ տաշեցին,
Բերին վրեն քաշեցին։

XI



Շատ եմ տեսել, երբ նրա
Խեղճ մայրիկն այս քարի վրա
Կորանալով ինքը միայն
200 Լաց էր լինում կիսաձայն.
Խունկ էր ծխում, մոմ վառում.
Որ գիշերվան խավարում
Երևում էր մեն-մենակ
Հեռվից երկար ժամանակ։