Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/178

Այս էջը հաստատված է

Նոր է լուսաստղն երեսը հանում,
Որ Սաքոն ոչխարն արոտ է տանում:
Շքեղադալար լերանց թարմ օդը
20 Եվ շաղաթաթախ ծաղիկն ու խոտը,
Անհայտ դրախտի կնդրուկի նման,
Անույշ բուրմունքով, շնչով կենսական
Լցնում են կուրծքը, վերացնում հոգին:
Ի՜նչը կըհասնի Սաքոյի կյանքին.
Ամեն առավոտ տեսնում է, ինչպես
Արևելքումը շքեղահանդես,
Ամպերի միջից արջնաթույր և թուխ
Բացվում է արշալույսն ինչպես հրաբուխ,
Կամ թե բոցավառ հրդեհի նման,
30 Որ թանձր ծխից հայտնում է իրան:
Եվ առաջին շողն արևագալին,
Երբ որ ընկնում է լերանց կատարին,
Կարմըրին տալով, ասես թե քրքում,
Վես գագաթները վարդերանգ ներկում,
Այնինչ դեռ նոր է մութը նահանջում,
Միգապատ լերան բարձրուղեշ լանջում
Այս ժամանակին մեր Սաքոն կանգնած,
Հովվական երկայն մահակին հենված,
Գլխարկը ծռած, յափնջին ուսին,
40 Շիկնած, կարմըրած վառ արևլուսին,
Սեգ ու վայրենի հայացքը մեխած,
Նայում է երկնի տեսքով զմայլած.
Կամ թե ոչխարի վերևը թինկնը
Տված, ածում է իրան սրինգը.
Կամ ժայռի գլխին, բարձր սյունաձև,
Արծվի հայացքով նայում է ներքև,
Այնտեղ, խորի՜ն, մթին անդընդում
Գետը զայրագին գոռում է, թնդում: