Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/180

Այս էջը հաստատված է




Բայց նրա հոգին, երբեմն անարգել,
Երկինք ու գետինք կարող է գրկել։

V


Նրանց փարախում աստծու գիշերը
Հավաքվում ձորի ողջ մզդուրները,
Շհուն ու պկուն խառնում են իրար,
Խաղում են, ասում, խնդում միալար.
Եվ նուրբ սուլոցը սրնգի հովվական
90 Խոսում է կարծես.- մին հովվի նման
Ոչխարի շանն է ձայն տալիս, կանչում,
Մին էլ շան նման հաջում, կլանչում։
Լսե՞լ ես, երբ լուռ գիշերվան ժամին
Տերևներն զզույշ շարժում է քամին,
Եվ կամ թե ճնշված լեռնային կիրճում
Ոնց է հուսահատ հողմը մռնչում։
Ակա՞նջ ես դրել, թե ոնց է երգում
Առվակի կարկաչն անտառի խորքում
Լսե՞լ ես հեզիկ խոխոջն աղբյուրի…
100 Ահա բնության այս ձայներից մի
Կազմած քաղցրալուր ներդաշնակություն
Հնչում է իգիթ Սաքոյի շհուն։
Իսկ ընկերներից մեկը սրտալի
Երգում է, կանչում ինչքան ձայն ունի։
Եվ մելամաղձոտ նրանց բայաթին
Գովեստ է տալիս վեհանձն իգիթին,
Կամ հայրենիքի հողին ու քարին,
Սիրավառ կանչում սևաչյա յարին։
Եվ ամեն մի ձայն այն երգում այնքան
110 Պարզ է և զորեղ, այնքան բնական,
Որ մարդ նույն ժամին, կարծես, սրտաթունդ
Ելնում է, իջնում երկինք ու անդունդ:
Ապա խաղում են հերթով կենդապար.
Ետ-առաջ վազում, ցատկում անդադար,