Զուռնա են ածում, թմբուկ են զարկում…
Այսպիսի դեպքեր շատ են պատահած,
150
Նույնիսկ Սաքոյին քանի՜սն են պատմած...
Եվ հիշողությունն օրերից անցած
Ետ կանչեց ձայներ վաղուց մոռացած,
Ձայներ ահալի, տխուր պատմության,
Չար ոգիների գործած չարության։
Տատի խոսքերը նրա ականջին
Ուրվաձայն, երկչոտ հնչեցին կրկին.
Հնչեցին երկար, մինչև նրա վառ
Երևակայությունը գրգռեցին իսպառ:-
Ահա պատկերներ, տգեղ, այլանդակ,
160
Անհեթեթ շարքով, խառըն և անկարգ,
Ծանրաշարժ եկան Սաքոյի դիմաց
Երևացին և-անցնում են կամաց։
Աչքերը միայն կրակին հառած
Ծանըր է շնչում Սաքոն ահառած,
Եվ առողջ կուրծքը լեռնական մարդու
Ալեկոծում է կասկած ահարկու.
Այլև ինչ կասկած,-նա հավատում է.