Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/183

Այս էջը հաստատված է

Ծանոթ օքմին է, շունը սովոր է…
Իմ շան ահիցը էլ ո՞վ սիրտ կանի…
Իմացա՜, ընկերս - Գեվոն կըլինի…
Սուտ վախացնում է… հա՜, նա է, նա…»։
(Կանչում է) «Գեվո՜՜»… Զայն-ծպտուն չըկա,
Միայն ահավոր լռության միջում
Զորագետն է խուլ, մրափած վշշում։
Եվ ո՞վ կըլինի զարթուն այս ժամին,
Աշխարհը քնած է, նույնիսկ թույլ քամին.
190 Քնած չեն միայն անքուն չարերը,
Վխտում են ուրախ լիքը ձորերը։
Աչքերը հանգչող կրակին հառած
Ծանըր է շնչում Սաքոն ահառած,
Եվ առողջ կուրծքը լեռնական մարդու
Ալեկոծում է կասկած ահարկու։
Այլև ի՜նչ կասկած, հավատում է նա,
Բայց տուր չի տալիս,-կռվում է ահա.
«Շվաք էր գուցե, աչքիս երևաց…
Չէ, ահա կտուրը դողաց, երերաց…
200 Գալիս են դարձյալ… ի՞նչպես են վազում…
Դռան ետևից ձայներ են լսվում…»։
Վախեցած Սաքոն գլուխը մի քիչ
Հազիվ բարձրացրեց, աղաղակ, քրքիջ
Եվ դժոխալուր ձայներ բյուրավոր
Բռնել էին դուռն ու կտուրը բոլոր։
Սիրտը դողդողաց և փշաքաղած
Սաքոն ողջանդամ մի սարսուռ զգաց.
Դեպի դռնակը երկչոտ հայացքով
Աչքերը չռեց, մտքի մեջ զորով՝
210 «Նրանք են» ասաց, և դուռը բացվեց,
Թուրքի կանանցով փարախը լցվեց։
Ինչպես գիշերը երկնում սևակնած
Փայլատակում է կայծակը հանկարծ,
Այնպես մի կրակ աչքերըն առավ,
Եվ իգիթ Սաքոն փարախից թռավ։