Անդնդանման խոր Լոռու ձորում
Մի բարձրահասակ մարդ է թափառում։
250
Ստվերի նման, ծառերի տակին
Հայտնվում է մին, չքանում կրկին.
Եվ լայն խանչալի դաստակը կողքին
Զարկելով գոտու երկաթյա թողկին,
Չըրխկչրխկում է, կարծես յուր զարկով
Համրում է նրա քայլերը կարգով։
Հնչում է զուռնան մութ քարանձավից.
Չարերը վազում նրա ետևից,
Դեբեդն էլ անդուլ գոռում է. «հա՜,
Այստեղ է Սաքո՜ն, այստեղ է ահա՜»։
260
Եվ դուրս են թռչում յուր ալիքներից
Գիսախռիվ ալքերն իրար ետևից,
Վազում են՝ բռնեն իգիթ Սաքոյին,
Որ տանեն գետի հատակը խորին։
Քար ու մացառուտ առած ոտնատակ
Թռչում է Սաքոն քամուց էլ արագ,
Սակայն, առաջին ցոլացին աչքեր,
Թփից դուրս թռան մի քանի քաջքեր։
Մի ակնթարթում Սաքոն յուր թափը
Կոտրեց և իսկույն թողեց գետափը...
270
Արձագանք տվեց ձորն այդ միջոցին
Նրա ազազիլ գամփռի հաչոցին.
Փարախն էլ գուցե մի գայլ է մտել,
Աղքատի հոտը կերել, խեղդոտել։
Խելազուրկ Սաքոն ոչինչ չէ հիշում,
Քշում են նրան, չարերը քշում,
Քաջքերն էլ այրից զուռնա֊դհոլով
Կանչում են, կանչում ծանոթ ձայներով.
Իսկ Ձորագետից ալքեր են թռչում,
Եվ ալիքները փրփրադեզ ուռչում,
280
Մռայլի միջին ծփում են կայտառ՝
-Բռնեցե՜ք, փախա՜վ Սաքոն խելագար: