Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/191

Այս էջը հաստատված է

Երբ ֆշշացնում է, ինչպես մի սև օձ,
Թեքվում, տնքում է ծառը հաստարմատ,
Ամբողջ ծըմակը հեծծում հուսահատ.
Ամպերը գոռում մըթնած երկնքից,
Գետինը դողում, շարժվում է հիմքից,
Ապա երկինքը պատըռված կարծես,
Հեղեղ է թափում կըժով ջըրի պես,
120 Հեղե՜ղ, որ պետք է քո աչքով տեսնես,
Շիթերից բըռնես երկինքը հասնես,-
Սաքոն ոչխարը ծմակն է քաշում,
Մի տերևալի ծառի տակ մտնում
Եվ հետևում է հանդարտ հայացքով
Թխպոտ ամպերին, որ համր ընթացքով
Գնում են դես-դեն, սարերով անցնում,
Մութ ծոցի միջին լախտեր խաղացնում,
Հըրեղ՜ն լախտեր, որոնց մի տուտը
Հասնում է ներքև - մինչև անդունդը,
130 Սատանաներին այնպես գոռացնում,
Որ ձայնը մարդու ականջն է հասնում։


VI

Արևը սարի ետևն է մտնում,
Ցերեկը հատնում.
Մթնաժոռում են ձորն ու անտառը,
Բայց դեռ չի մթնում երկնամերձ սարը.
Ոտները ներքև խավարում թաղված,
Գագաթն այրվում է լուսով շաղախված,
Մինչև հովիտից չար գողի նըման
Գիշերվա ստվերը թաքուն բարձրանում,
140 Լույսի-ցերեկվան
Այն մնացորդն էլ հանկարծ կըլանում,
Եվ ինքը խոժոռ, մռայլ ու ահեղ
Բազմում է այնտեղ,
Լուսնյակի լուսով սարերի գըլխին