Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/198

Այս էջը հաստատված է

Անքուն չարքերը չեն միմիայն քնած,
Ուրախ վխտում են ձորերը բռնած…
Եվ վազվզում են ստվերների պես,
Եվ վըսվսում են տերևների պես…
340 Մինչև որ մենակ մի մարդ կըգտնեն,
Որ նորա սիրտը… փարախը մտնեն…
Աչքերը հանգչող կըրակին հառած,
Ծանըր է շնչում հովիվն ահառած,
Եվ առողջ կուրծքը լեռնական մարդու
Ալեկոծում է կասկած ահարկու.-
«Չէ՛, քամին էր էն… էն գայլի շվաք…
էն աստղեր էին աչքերի տեղակ,
Որ լուսածակից ներս էին ընկել…»։
Բայց վախենում է նայել, ստուգել.
350 Սակայն ականջը ձայներ է լսում.
Կըտրով գալիս են, դուրսը փսփսում…
Վախեցած Սաքոն գլուխը մի քիչ
Տեղիցը շարժեց,-աղաղակ, քըրքիջ,
Եվ դժոխալուր ձայներ բյուրավոր
Բռնել էին դուռն ու կտուրը բոլոր…
Սիրտը թունդ առավ, և փշաքաղած
Մի սարսուռ զգաց։
Դեպի դռնակը մթնած աչքերով
Հուսահատ նայեց, մտքումը զորով
360 «Նրանք են» ասաց, և դուռը բացվեց,
Թուրքի կանանցով փարախը լցվեց.
Փարախը լցվեց թուրքի կանանցով,
Ճիչ-հըրհռոցով, հարայ-հրոցով…

___________


Ինչպես գիշերը երկնում սևակնած
Փայլատակում է կայծակը հանկարծ,
Այնպես մի կըրակ աչքերըն առավ
Եվ իգիթ Սաքոն փարախից թռավ։