Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/225

Այս էջը հաստատված է


Երբ նա քաջքերից վախենում էր դեռ
Ետ եկան վաղուց մոռացված ձայներ
Ու տատի խոսքերն անցյալի տակից
Ուրվաձայն, երկչոտ հընչեցին նորից.

-Կասեն՝ Սաքո՜, մեզ մոտ արի.
Արի մեզ մոտ-հարսանիք.
Տե՛ս, ինչ ուրախ պար ենք գալի-
Սիրուն-ջահիլ հարսն-աղջիկ։

-Ինձ մոտ արի-ձըվածեղ անեմ...
-Ինձ մոտ արի-բլիթ տամ...
-Ես քու հոքիրն... ես քու նանն եմ...
-Ես էլ ազիզ բարեկամ...

Սաքո՜, Սաքո՜, մեզ մոտ արի.
Էս աղջիկը, տե՜ս ինչ լավն ա...
Տե՜ս, ինչ ուրախ պար ենք գալի-տարա նի նա՜...

Ու խոլ պատկերներ, տըգեղ, այլանդակ,
Անհեթեթ շարքով, խառներամ, անկարգ,
Ծանրաշարժ եկան Սաքոյի դիմաց,
70 Երևութք եղան, անցնում են կամաց,
Խավար ու դանդաղ, ըստվերների պես,
Չար ժըպիտներով, ժանտ ու սևերես...

VII



Սրընթաց պախրա թե գայլ գիշատիչ
Շեշտակի թըռավ փարախի մոտով,
Այծյամը հանկարծ մոտակա ժայռից
Անդունդը մի քար գըլորեց ոտով,
______
52 ա Հնչեցին վաղուց մոռացված ձայներ,
բ Խոսեցին վաղուց մոռացված ձայներ,
53 Ու տատի խոսքերն անցյալի խորից
54 Ուրվաձայն, երկչոտ ետ եկան նորից.
75 Թե այծյամն հանկարծ մոտակա ժայռից