Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/228

Այս էջը հաստատված է

Չարքերը ընկած նորա ետևից
Խոլական խըմբով ու մազերն արձակ,
Հասնում են մեջքին, բըռնում են թևից...
Քաջքերն էլ այրից զուռնա-դըհոլով
140 Ճըչում են, կանչում ծանոթ ձայներով.

-Սաքո՜, Սաքո՜, մեզ մոտ արի,
Արի մեզ մոտ հարսանիք.
Տե՛ս, ինչ ուրախ պար ենք գալի-
Սիրուն-ջահել, հարսն-աղջիկ։

-Ինձ մոտ արի՝ ձվածեղ անեմ...
-Ինձ մոտ արի` բըլիթ տամ...
-Ես քու հոքիրն... ես քու նանն եմ...
-Ես էլ սիրած բարեկամ...

Սաքո՜, Սաքո՜, մեզ մոտ արի.
150 էս աղջիկը տե՛ս ինչ լավն ա,
Տե՜ս, ինչ ուրախ պար ենք գալի,-
Տարա նի նա՜, տարա նա նա՜...

Այնինչ Դեբեդից ալքեր են թըռչում,
Ալիքներն ելնում, փըրփրադեզ ուռչում,
Խավարի միջին ծըփում են կայտառ
-Բըռնեցե՜ք, փախա՜վ Սաքոն խելագար...
_______
154-155 Ու ալիքները փըրփրադեզ ուռչում,
Մըռայլի միջին ծըփում են կայտառ